Գերեվարված Գագիկ Ոսկանյանի համար Բաքվում դատախազը 18 տարվա ազատազրկում է պահանջել
Բաքվում շարունակվում է գերեվարված հայ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի շինծու գործով դատաքննությունը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Մեղադրող կողմը նշել է, թե իբր դատական հետաքննության ընթացքում մեղադրանքը հաստատվել է։
Դատախազը դատարանին առաջարկել է Ոսկանյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման։ Նշված ժամկետից 5 տարին նա պետք է անցկացնի բանտում, իսկ պատժի մնացած մասը՝ խիստ ռեժիմի գաղութում։
Պատիժը կրելուց հետո նա պետք է արտաքսվի Ադրբեջանից։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր ՀՀ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի հետ կապված քրեական գործ հարուցելու և նրան կալանավորելու մասին։ Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: ՊՆ-ն հերքել էր այն հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել։