Փաշինյանի իշխանության ղեկին մնալը մեզ ամեն օր մեզ մոտեցնում է Հայաստանի ոչնչացմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս կրկին Հայաստանին կոչ արեց Ադրբեջանի հետ շուտափույթ ստորագրել «խաղաղության պայմանագիրը»՝ «բռնել մեր ադրբեջանցի եղբայրների կողմից իրեն մեկնած բարեկամության ձեռքը», ապա հերթական անգամ շեշտեց, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ուղղակիորեն կախված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից:  30 տարի շարունակ Թուրքիայի իշխանություններն այս գիծն են առաջ տարել, սակայն հանդիպել են ՀՀ նախկին  իշխանությունների կոշտ արձագանքին, այն է՝ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունները տարանջատված են մեկմեկուց։ 2009-ին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ ևս Անկարան փորձեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ խցկել Արցախյան հարցը և այն դարձնել նախապայման: Պահանջում էին այդ մասին ամրագրել փաստաթղթերում` հայտնի արձանագրություններում: Թուրքիայի խնդիրն էր ճնշում գործադրել Հայաստանի վրա և հասնել նրան, որ հօգուտ Ադրբեջանի լուծվի արցախյան խնդիրը, Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչումից, պահանջատիրությունից, ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը:

Շնորհիվ ՀՀ նախկին իշխանության քաղաքականության, Թուրքիայի  հակահայկական մտադրությունները ձախողվեցին: Հայաստանը կտրականապես մերժեց հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանականով պայմանավորելու  և արցախյան հարցն այդ գործընթացի մեջ ներառելու թուրքական  նպատակները: Երևանի սթափ քաղաքականությունը թուրքերին ցույց տվեց, որ անկարող են տարաբնույթ հնարքներով առաջ տանել իրենց  մտադրությունները:  Սեփական կառավարության քաղաքականության ձախողումը տեսնելով, թուրքական ազգայնական «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Դևլեթ Բախչալին 2010-ին հանդես եկավ կոչով․ նա խստորեն քննադատեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը միտված Թուրքիայի քաղաքականությունը, ու նման քայլերը համարեց անընդունելի: Թուրք ազգայնականը նշում էր. «Ինչպե՞ս կարող է Թուրքիայի կառավարությունը նման իրավիճակում պայմանագիր կնքել Հայաստանի հետ, քանի դեռ վերջինս շարունակում է ադրբեջանական հողերի շրջափակումը, չի ընդունում Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, չի հրաժարվում ցեղասպանության ճանաչման պահանջից»: Բախչալին իր կառավարությունից պահանջում էր հրաժարվել հայ-թուրքական արձանագրություններից. «Ես կոչ եմ անում կառավարությանն ընդունել իր սխալը և հայտարարել, որ այդ արձանագրությունները ուժը կորցրած են»:

Թուրքական քաղաքական շրջանակները շատ լավ էին հասկանում, որ ՀՀ-ում իշխանության ղեկին պետականամետ, ազգային շահերով առաջնորդվող քաղաքական գործիչներ են, հետևաբար, իրենք անկարող են առաջ մղել սեփական ծրագրերը: Հասկացան, որ «նոր մոտեցում» է պետք․․․ Ու մշակվեց Հայաստանը ներսից քանդելու սցենարը․ 2018-ին թուրք-ադրբեջանական փողերով ՀՀ-ում իշխանության բերվեց ՔՊ-ն՝ իր թրքահաճ գործիչներով: Թուրքական շահերի սպասարկուներն արդեն 5 տարի շարունակ վարում են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից բխող հայաստանակործան քաղաքականություն:

Փաշինյանն այսօր  մեկ առ մեկ կատարում է թուրքերի ծրագրերը։ Բերեմ ընդամենը մեկ օրինակ․ բոլորովին պատահական չէր, որ նա խոսեց այն մասին, թե «Արարատ լեռը մերը չէ, Արագածն է մերը»: Մի փաստ հիշեցնեմ. 1992 թվականին, երբ նորանկախ Հայաստանի իշխանությունը մտադրություն ուներ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Անկարան Երևանից պահանջել էր զինանշանից հանել Արարատ լեռան պատկերը: Թուրքական կողմն Հայաստանին ուղղված իր պահանջը ներկայացրել էր այսպես` Արարատ լեռան պատկերը ձեր գերբի վրա փաստում է Թուրքիայի  տարածքային ամբողջականության դեմ վարվող քաղաքականության մասին: Բնականաբար, Հայաստանի Հանրապետության իշխանությունն անտեսեց թուրքական կողմի այս պահանջը:

Ի դեպ, թուրքական այս պահանջը Հայաստանին ներկայացվել է շատ ավելի վաղ՝  անցած դարասկզբից։ Նրանք ԽՍՀՄ իշխանությունից են պահանջել Խորհրդային Հայաստանի զինանշանից հեռացնել Արարատ լեռան պատկերը: Պահանջը ներկայացվել է այսպես` լեռը  պատկանում է Թուրքիային: Եվ ահա, թե որն է եղել  Խորհրդային իշխանությունների պատասխանը. «Թուրքիայի դրոշի վրա պատկերված է կիսալուսին, Լուսինը Թուրքիայի՞ն է պատկանում»: Ու սրանով փակվեց հարցը.  Անկարան լռեց մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը…

Եվ այսօր, երբ իշխանության ղեկին թրքահպատակներն են, Թուրքիան նորից մեջտեղ է բերել իր վաղեմի ցանկությունը: Թուրքական շահերի սպասարկու քպ-ականները,  Էրդողան-Ալիև զույգի առաջ  ծնկած Փաշինյան Նիկոլը սիրով համաձայնել են  հնչած պահանջն ի կատար ածել: Դրա մասին է փաստում Արարատ լեռան մասին Նիկոլի հնչեցրած զառանցանքները և՛ ԱԺ-ում,  և 2023 թվականին կայացած իր  ասուլիսի ժամանակ, որտեղ ասաց հետևյալը․ «Օրինակ, ես չեմ լսել, որ մեզնից որևէ մեկը սեր արտահայտի Արագած սարի նկատմամբ, ու սա իսկապես ինձ համար խնդիր է: Ես ոչ մեկիդ տանը Արագած սարի նկարը չեմ տեսել, որովհետև դա Հայաստանի Հանրապետություն է։ Այո, իմ տանն էլ չկա… Արագածը ՀՀ-ում է, Արարատը ՀՀ-ում չէ»: Նիկոլի ակնարկի ներքո դավադիր պլաններ են թաքնված․․․ սրանք քայլ առ քայլ գնում են նաև Հայոց ցեղասպանության ճանաչման փաստից հրաժարման ճանապարհով։

Բանն այն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները միայն այսքանով չեն ավարտվում: Հայ ժողովրդի արժանապատվության նսեմացմանը զուգընթաց՝ թշնամական երկու երկրների սեղանին է Հայաստանն ամբողջովին կլանելու ծրագիրը։  Փաշինյանի իշխանության ղեկին մնալն ամեն օր մեզ մոտեցնում է այդ կործանարար ծրագրի իրականացմանը, որի առաջին արարը կլինի հարյուրհազարավոր ադրբեջանցիների Հայաստան վերադարձով….

Արմինե Սիմոնյան