Երևանի քաղաքապետարանը կվերահսկի օդի որակը շինարարական օբյեկտների շրջակայքում

Երևանի քաղաքապետարանը մեկնարկել է կառուցապատողներին շինարարական օբյեկտների շրջակայքում օդի որակի չափանիշների և համապատասխան սարքավորումների վերաբերյալ հստակ պահանջների ծանուցման գործընթացը։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի դեկտեմբերի 4-ի հերթական գործակարգավարական խորհրդակցությանն ասաց փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը՝ ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանի այն հարցին, թե կառուցապատողներին արդեն ներկայացվե՞լ են հստակ պահանջներ օդի որակի և սարքավորումների վերաբերյալ։

«Սա մեր ամենակարևոր ծրագրերից մեկն է, որով փաստացի հնարավորություն ենք ստեղծում հենց տեղից, ստանալով տեղեկատվություն հատուկ սարքերի միջոցով, հասկանալ, թե ինչ աղտոտվածության է օդը շինարարական օբյեկտների շրջակայքում և դրանով իսկ իրականացնել մեր վերահսկողական աշխատանքները»,-ասաց Ավինյանը։

Փոխքաղաքապետ Մադաթյանը զեկուցեց, որ  այս մասին կառուցապատողներն արդեն համապատասխան գրություններով ծանուցվում են, որն ամբողջական տեսքով կավարտվի այսօր։