Արևմուտքի հետ աճող կապերն օգնում են Կենտրոնական Ասիայի երկրներին պաշտպանել իրենց անկախությունը. Ղազախստանի ԱԳՆ

Արևմուտքի հետ աճող կապերն օգնում են Կենտրոնական Ասիայի երկրներին պաշտպանել իրենց անկախությունը տարածաշրջանում, որտեղ միշտ գերիշխել են Ռուսաստանը և Չինաստանը, Politico –ի հարցազրույցում հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Ռոման Վասիլենկոն։

«Այն փաստը, որ ԵՄ-ը, ԱՄՆ-ը և Արևմուտքն ընդհանուր առմամբ այժմ ընդունել են Ղազախստանի և և Կենտրոնական Ասիայի մյուս երկրների կարևորությունը և այժմ մասնակցում են շատ ավելի ամուր հարաբերությունների… օգնում է ամրապնդել Կենտրոնական Ասիայի երկրների, ինչպիսին է Ղազախստանը, ազդեցությունն աշխարհի մյուս բոլոր գործընկերների հետ հարաբերություններում»,- ասել է Ռոման Վասիլենկոն։

Նա միաժամանակ ավելացրել է, որ «մենք շարունակում ենք հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի, Չինաստանի հետ»։

Երեքշաբթի Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն հավանություն է տվել զեկույցին, որը միությանը կոչ է անում ակտիվացնել փոխգործակցությունը Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի հետ՝ հաշվի առնելով Ռուսաստանի  ազդեցության թուլացումը Կենտրոնական Ասիայում։ «Այժմ ԵՄ-ը հնարավորություն ունի ընդլայնել կապերը տարածաշրջանի հետ և ավելի  նկատելի դեր խաղալ»,- նշվել է կոմիտեի հայտարարությունում, որտեղ հավաստիացվում է, որ պլանը նաև կօգնի «դեր խաղալ Ռուսաստանի և Բելառուսի կողմից պատժամիջոցների շրջանցումը նվազագույնի հասցնելու գործում»՝ օգտագործելով այդ երկրները որպես միջնորդներ։

Բրյուսելի պատժամիջոցների գծով բանագնաց Դևիդ Օ՛Սալիվանը այս շաբաթ գտնվում է Ղազախստանում, այն ջանքերի շրջանակում, որպեսզի արգելված ապրանքները չհայտնվեն Ռուսաստանում։