Լարսը փակվում է, կառավարությունը քայլեր ձեռնարկելու փոխարեն՝ բիզնեսին կոչ է անում նոր շուկաներ գտնել․ Բաբկեն Պիպոյան

«Լարսը փակվում է, կառավարությունը քայլեր ձեռնարկելու փոխարեն՝ բիզնեսին կոչ է անում նոր շուկաներ գտնել,-«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն արձագանքել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը։

Մեկը լինի, հարցնի. ձեր սննդի տեսչությունը քանի՞ երկրի պահանջ է ուսումնասիրել ու լիազոր մարմնի հետ աշխատել անխոչընդոտ արտահանման համար:
Մեկը լինի, հարցնի. քանի՞ երկրի շուկա եք ուսումնասիրել, որտեղ գին-որակ համադրությամբ մեր ապրանքը մրցունակ է:
Գործ չկա՞, ոչինչ, կոչի պակաս չկա:
Եթե ինչ-որ մեկին թվում է, թե մյուս երկրները գիշերը չեն քնում ու երազում են Հայաստանից մթերք ներմուծելու մասին՝ չարաչար սխալվում է»,-գրել է Պիպոյանը։
Հիշեցնենք, որ ավելի քան 2600 բեռնատարներ խցանման մեջ են հայտնվել Վերին Լարսում, որոնց մի մասին էլ հետ են ուղարկել Հայաստան։
«Որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին»,-հայտարարել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։