Կարելի է գալիք 15 օրվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կնքել, եթե․․․ ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը մոտ է։ Ըստ Սիմոնյանի՝ եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում․

«Ցանկության պարագայում կարելի է գալիք 15 օրվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կնքել, եթե Ադրբեջանի իշխանությունն իրոք քաղաքական կամք դրսևորի։ Կարելի է ասել, որ սկզբունքային գրեթե բոլոր հարցերի շուրջ եկել ենք համաձայնության։ Չեմ ուզում հավելյալ մանրամասներ ու ասել ու դրանով վնասել գործընթացին»,-ասել է նա։

ԱԺ նախագահն ասել է, որ խաղաղության պայմանագիրն ամբողջովին հիմնված է միջազգային սկզբունքների վրա, իր մեջ ներառում է տարածքային ամբողջականության և կոմունիկացիաների բացման հարցերը։

«Չեմ հասկանում՝ ժամանակ ձգելը ինչ է տալու Ադրբեջանին և տարածաշրջանին, երբ մեկ ձեռքով իրենք խոսում են խաղաղության մասին, մյուս ձեռքով խուսափում են արդեն իսկ շատ մոտ իրականությանը՝ խաղաղության պայմանագրից»,- ասել է նա: