Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի «Դիմակայուն համայնքներ» ծրագրի 2-րդ կանգառը՝ Վանաձոր

Պատերազմական գործողությունների անմիջական մասնակիցներ, նրանց ընտանիքների անդամներ, Արցախից բռնի տեղահանվածներ, թիկունքում աջակցության նախաձեռնությունների, կամավորական աշխատանքների մասնակիցներ և պատերազմի կամ դրա հետևանքների հետ ուղղակի առնչություն չունեցած մարդիկ. բոլորը մեկ վայրում էին համախմբվել «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի» նախաձեռնությամբ: Հիմնադրամին «Դիմակայուն համայնքներ» ծրագրի՝ Համայնքային 2-րդ ժողովը Վանաձորում էր:

«Քաջալերում ենք այսօր ծավալել ձեր քննարկումները ոչ միայն հասկանալու համար, թե ինչ իրավիճակում ենք գտնվում՝ անձնապես, մեր ընտանիքներում ու մեր համայնքում, այլև մտքում ունենալ այն, թե ինչ ենք ուզում կերտել միասին ապագայում՝ մեր Հայրենիքում։ Այսպիսի քննարկում ծավալելու համար մեզ անհրաժեշտ է հավատալ միմյանց, ապավինել միմյանց ու լցվել համբերությամբ։ Մեր պատմությունը, ինքնությունը և արժեքները պատմականորեն տվել են, ու այսօր էլ կարող են մեզ տալ այն ուժը, որին ապավինելով կարող ենք կերտել ավելի լավ ապագա»,- Համայնքային ժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում ասել է Հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

Տեսաուղերձով է հանդես եկել նաև Հիմնադրամի համահիմնադիր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ով ներկաներին հորդորել է միասնականության ոգով ծավալել քննարկումները՝ հանուն համայնքային կյանքի զորացման ու ամրապնդման։

«Այս համայնքային առաջին հանդիպումներին առաջարկում ենք մեր վերապատրաստված մասնագետների օգնությամբ համատեղ ձևակերպել այն ապագան, հանուն որի արժե ապրել ու ստեղծագործել մեր Հայրենիքում։ Միասին հասկանանք, թե ինչպիսի վարքականոն ու իրար նկատմամբ վերաբերմունք է մեզ թելադրում մեր պատմությունը, ավանդույթները ու ապագայի տեսլականը։ Ինչպես կարող ենք ունենալ ավելի ուժեղ համայնքներ, ապավինենք մեր իրական արժեքներին ու միասին սահմանենք ապագան իբրև նպատակ»,- նշել է Հիմնադրամի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը։

Վանաձորի համայնքային ժողովին մասնակցել է 70-ից ավելի մարդ: Նրանց խոսքով՝ այսպիսի միջոցառումները և՛ կարևոր են, և՛ օգտակար:

«Շատ հետաքրքիր անցավ։ Խոսեցինք կարևոր թեմաների մասին, քննարկեցինք այն հարցերն ու խնդիրները, որոնք հուզում են բոլորիս»,- ընդգծել է հանդիպման մասնակիցներից Տաթևիկ Բայունցը։

Համայնքային ժողովներին զուգահեռ, «Դիմակայուն համայնքներ» ծրագրի շրջանակում,  «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» իրականացնելու է նաև ավելի փոքր՝ խմբային ձևաչափով հոգեբանական աջակցման հանդիպումներ։ Դրանք անցկացնելու են միջազգային առաջատար մասնագետների կողմից վերապատրաստված, փորձառու հոգեբաններ ու սոցիալական աշխատողները: