Լարսում երթևեկությունը վերականգնվել է

Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը։ 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկություն է տարածում Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունը։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։ Թունելներում կցորդիչով, կիսակցորդիչով և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը կիրականացվի միակողմանի։ Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- նշված է տեղեկատվության մեջ։

ՀՀ Փրկարար ծառայության հաղորդմամբ, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։