Դեռ պարզ չէ՝ Ադրբեջանն ուզո՞ւմ է երեք սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, թե ոչ․ Փաշինյան

Դեռ պարզ չէ՝ Ադրբեջանն, ի վերջո, ուզո՞ւմ է երեք սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ:

Այս մասին այսօր ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին:

Վարչապետը հիշեցրեց՝ այդ սկզբունքները համաձայնեցված են բանակցությունների ընթացքում և այդ համաձայնեցումն արտահայտվել է մայիսի 14-ին և հուլիսի 15-ին եռակողմ հանդիպումների արդյունքներով։

Փաշինյանը նաև հիշեցրեց սկզբունքները, համաձայն որոնց՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դելիմիտացիայի գործընթացի քաղաքական հենքը Ալմաթիի հռչակագիրն է, տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների իրավազորության, սուվերենության հարգմամբ՝ փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա։

«Հիմա, չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ երեք սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքել, բայց նաև չենք կարող վստահ ասել, որ Ադրբեջանը վերահաստատում է իր հավատարմությունն այդ երեք սկզբունքներին, անհրաժեշտություն կա բանակցությունների ընթացքում այս հարցերը և նրբությունները պարզաբանել»,- ասել է Փաշինյանը։

Նա հաստատեց, որ նոյեմբերի 30-ին քարտեզների և սահմանների մասով նախատեսված է սահմանագծման հանձնաժողովների հանդիպում։