Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են ժամանակավոր հրադադարի և գերիների փոխանակման շուրջ

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են ժամանակավոր հրադադարի և գերիների փոխանակման շուրջ այն բանից հետո, երբ Իսրայելի կառավարությունը կողմ է քվեարկել այդ համաձայնությանը։

Ինչպես տեղեկացրել է Haaretz-ը, ՀԱՄԱՍ-ը ազատ կարձակի 30 իսրայելցի երեխաների և 20 կանանց 240 պատանդներից։ Փոխարենը Իսրայելը ազատ կարձակի 150 պաղեստինցի բանտարկյալների։ Պաշտոնյան տեղեկացրել է թերթին, որ ՀԱՄԱՍ-ը կարող է նաև ազատ արձակել օտարերկրացի պատանդներին՝ համաձայնագրերի համապատասխան։

Գործարքի շրջանակում, որը կնքվել է Կատարի միջնորդությամբ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ ազատ չարձակված պատանդները կստանան դեղամիջոցներ, նրանց կայցելի Կարմիր խաչը։

Հրադադարը տևելու է չորս-հինգ օր։ Նեթանյահուի գրասենյակում նաև հայտնել են, որ յուրաքանչյուր հավելյալ 10 պատանդի ազատ արձակումը ևս մեկ օր կավելացնի մարտական գործողությունների դադարին։

Բայց Նեթանյահուն մերժել է այն գաղափարը, որ մարտական գործողությունները կարող են դադարեցվել ավելի երկար ժամանակով։ «Մենք գտնվում ենք պատերազմի վիճակում և կշարունակենք պատերազմն այնքան ժամանակ, մինչև որ հասնենք մեր բոլոր նպատակներին՝ վերացնենք ՀԱՄԱՍ-ը, վերադարձնենք բոլոր պատանդներին և անհետ կորածներին և երաշխավորենք Գազայի հատվածից Իսրայելին սպառնացող վտանգի բացակայությունը»,- ասել է նա։