Քեզ ո՞վ էր ասել, որ Արցախի հարցի լուծման բանալին քո ձեռքերում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը «Դիտակետ» հաղորդաշարի շրջանակներում խոսելով Արցախի հանձնման մասին՝ շեշտեց․ «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ իշխանության ցանկացած ներկայացուցչի հետ, ցանկացած ֆորմատում՝ դա կլինի իրենց լրատվամիջոցները, ձերը, թե որևէ այլ լրատվամիջոց, պատրաստ եմ այս հարցում ծավալուն բանավեճի։ Արցախի կործանման մեկնարկը տրվել է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին, երբ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է Պրահայի հայտարարությունը, հատկապես դժվար հասկացողների համար բացատրեմ պնդմանս մոտիվացիան․ երբ հակամարտության երկու կողմերից մեկը պաշտոնապես հայտարարում է Նիկոլ Փաշինյանի դեմքով, որ այլևս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով վեճ չունի Ադրբեջանի հետ, սա ուղիղ նշանակում է՝ Ադրբեջանի ձեռքերն ազատել իրեն կցված Լեռնային Ղարաբաղում, իր ուզած եղանակով սահմանադրական կարգը վերականգնելու հարցում, սա այնքան պարզ, ակնհայտ է, որ այս պարզ ճշմարտությունը չընդունելը նշանակում է բարեխիղճ քաղաքական գործիչ կամ վերլուծաբան չլինել, զբաղվել փաստերի նենգափոխմամբ, գռեհիկ մանիպուլյացիայով»։
Հիշենք, որ Բրյուսելում 4 ժամ տևած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ ընդգծելով երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը իր ելույթներում պարբերաբար շեշտում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, սակայն Ադրբեջանը դրա մասին երբևէ չի բարձրաձայնել, և չի նշել կոնկրետ թիվ, ինչպես անում է ՀՀ ղեկավարը։
2023 թվականի մայիսին հրավիրված ասուլիսին, երբ լրագրողը Փաշինյանին հարց է ուղղում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ, նա պատասխանում է․ «Հայաստանի այսօրվա կառավարությունն ինչ ասի-չասի, Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ես ասել եմ, որ ավելի եմ կոնկրետացրել և ավելի կոնկրետ դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ ասել՝ 86, 6 հազար կմ տարածքային ամբողջականությունը Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը։ Եթե մենք ճիշտ ենք հասկանում մենք այս հարցում Ադրբեջանի հետ իրար, Հայաստանի Հանրապետությունը, այո՛, ճանաչում է Ադրբեջանի 86, 6 հազար տարածքային ամբողջականությունը, էն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը»։
Փաշինյանը մեկ հարցում ճիշտ է՝ այո, ՀՀ բոլոր ղեկավարները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն դրա մեջ Արցախը միանշանակ չի մտել, երբ Փաշինյանը փորձում է երեք նախագահներին տանել իր դաշտ և Արցախի հանձնման մեղավորությունը կիսել նրանց հետ, այդտեղ նա պատնեշի է հանդիպում, որովհետև բացի իրենից՝ ոչ մի ղեկավար Արցախը չի հանձնել թշնամուն, հակառակը՝ նախկինների ազատագրած Արցախը իր մի գրչի հարվածով դարձավ Ադրբեջանի մաս։
Նիկոլ Փաշինյանը մոռանում է, թե ինչպիսի Արցախ է ժառանգություն ստացել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից, այդ ժամանակ ազատ, անկախ Արցախը հայկական ու անվտանգ էր և գրկաբաց ընդունում էր բոլորին, այդ թվում՝ Արցախն ադրբեջանական համարող Փաշինյանին, ուստի Արցախի կորստյան մեղքը ինչքան էլ փորձեն բարդել նախկինների վրա՝ փաստերն առավել քան խոսուն են։
2021 թվականին Փաշինյանն ասում էր․ «Ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, որ հարցը լուծված է, ԼՂ հարցը լուծված չէ: «Շատ կլինեն հարցեր՝ ի վերջո մեր տղերքը ինչի՞ համար զոհվեցին: Ես ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել այս հարցին, մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, որովհետև Ադրբեջանի պլանը հենց դա էր, որ Ղարաբաղի հարցը լուծեր, որ ֆիզիկապես Ղարաբաղում ոչ մի հայ չմնար, բայց այսօր Արցախը կա, արցահայությունը կա, դա մեր զոհված եղբայրների, մեր զինվորների և մեր բանակի շնորհիվ է: Այո, դառը պատերազմ ենք անցել, բայց այն, ինչ ունենք, ունենք մեր տղաների շնորհիվ»:
Հիմա հարց․
Ադրբեջանին ո՞վ իր թեթև ձեռքով օգնեց, որ Ալիևի պլանը իրականություն դառնա, եթե ոչ դու, ապա՝ ո՞վ։
Եթե Արցախը Ադրբեջանի մաս էիր ճանաչելու ինչո՞ւ զոհվեցին մեր տղերքը։
Քեզ ո՞վ էր ասել, որ Արցախի հարցի լուծման բանալին քո ձեռքերում է։
Ինչո՞ւ էիր Ստեփանակերտի Վերածննդի հարապարակում գոռում-գոչում՝ Արցախը Հայաստան է ու վերջ, ո՞ւմ ի՞նչ իշմար էիր տալիս։
Լուսինե Այրապետյան