Ինչպես հանձնվեց Արցախը

Այսօր, երբ մենք ապրում ենք մեր պատմության ամենաամոթալի և ամենաողբերգական օրերը, հաճախ է տրվում այն հարցը, թե ինչպես հանձնվեց Արցախը։

Եթե մեկ նախադասությամբ՝ ապա Արցախը հանձնվեց դավաճանության և անտարբերության պատճառով։

Այս ամենի արմատները, կարծես, թաքնված են 2018-ի «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» մեջ։ Ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, երբ հայ ժողովուրդը՝ թե Հայաստանում, թե Արցախում և թե Սփյուռքում դարձավ մանիպուլյացիաների և ստի զոհ։

Նիկոլ Փաշինյանն իր «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» անվան տակ շահարկում էր ականջահաճո մի քանի թեզ՝

  • Ժողովուրդ, ձեզ թալանել են, մենք ձեզ կհարստացնենք,
  • քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, վերջ պետք է դրվի «անիմաստ» արագաչափերին և տեսախցիկներին
  • Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ

  • Մենք հիմա իրար հետ կերտել ենք նոր Հայաստան, որտեղ ձեզանից յուրաքանչյուրը իրեն զգում է հաղթանակած և պիտի այլևս սրանից հետո միշտ զգա հաղթանակած
  • «Սիրելի արցախցիներ, համոզված եղեք, որ Հայաստանում տեղի ունեցած սիրո և համերաշխության հեղափոխությունը ոչ միայն որևէ վտանգ չի պարունակում, այլև նորանոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդի և Արցախի պետականության համար»
  • «Հայկական հեղափոխության արդյունքն ի վերջո լինելու է Արցախի ինքնորոշման իրավունքի դե յուրե միջազգային ճանաչումը։ Այսօր, առավել քան երբևէ, մենք մոտ ենք այդ նպատակի իրագործմանը»։
  • Արցախը Հայաստան է, և վերջ
  • Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Այս բոլոր թեզերն այնքան բաղձալի էին հայերի համար, որ շատերը մոլորվեցին՝ կարծելով, որ վերջապես ապրելու են դրախտավայր Հայոց Աշխարհում՝ 2 կայացած և միջազգայնորեն ճանաչված պետություններով։ Եվ հենց դա էր գուցե պատճառը, որ շատերը, ավելի շուտ մեծամասնությունը չնկատեց, որ սա սոսկ մանիպուլյացիա է իշխանության հասնելու համար՝

«Կամ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, կամ էլ Հայաստանը վարչապետ չի ընտրվի»։

Սա այն առանցքային թեզն էր, որն իրականում վիժեցնում էր նախորդ բոլոր ականաջահաճո թեզերը։

Եվ այսպես Փաշինյանը դարձավ վարչապետ, բայց ոչ մի թեզ իրականություն չդարձավ, այլ՝ ընդհակառակն։

ՀՀ քաղաքացին ոչ միայն հարուստ չէ (բացառությամբ նորաթուխ քպ-ականների) ու վարչապետ չէ, այլև հենց տուգանքի մատերիալ է և ոչ միայն տուգանքի։ ՀՀ-ում կարծիք հայտնելն արդեն դարձել է բանտախցում հայտնվելու ամենահեշտ և կարճ ճանապարհը, ասել է թե՝ վիզան։

Արագաչափերն ու տեսախցիկները ոչ միայն ավելացել են, այլև նրանց լրացնելու են եկել այսպես կոչված պարեկները, որոնք չեն փայլում ոստիկանին հարիր կեցվածքով ու պահվածքով և առանց կաշկանդվելու ասում են՝ «ես տուգանում եմ, կարաս բողոքարկի»․․․

Եվ այս ողջ քաոսը կարծես ներվեց իրեն 3 միլիոն վարչապետի ծառա համարող Նիկոլ Փաշինյանին, քանզի տեսնելով, որ փաստացի ամիսներ, հետո տարիներ անց ոչինչ չի փոխվում, իրենց կյանքը չի բարելավվում, իրենք «վարչապետի» կարգավիճակի արտոնություններից չեն օգտվում, փաստացի հասարակությունը շարունակեց բավարարվել միևնույն արդարացումներով՝ թե բա նախկիններն  են մեղավոր, կորոնան է մեղավոր, ասֆալտն է մեղավոր, ՌԴ-ն է մեղավոր, աշխարհն է մեղավոր․․․

Այդ պահից սկսած վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը և իր խմբակը հասկացան, որ կարելի է շարունակել հիմարացնել հասարակությանը արդեն իսկ ազգակործան գործողություններով։

Նոր թեզերը (ի դեպ ի տարբերություն նախորդ թեզերի՝ Փաշինյանը փութաջանորեն և արագացված ռեժիմով իրականացրել է այս թեզերը), որոնք շռայլում էր Փաշինյանը՝ «բանակցությունները սկսում եմ իմ սեփական կետից», «ինչ ուզում, էն էլ բանակցում եմ», «եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք համարի», հետագայում արդեն «Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը», «Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս» և այլն, փաստացի վկայում էին, որ Արցախը դե յուրե հանձնվել է (այս մասին բազմիցս ահազանգել ենք, վերլուծել, փաստարկել), և ընդամենը ժամանակի հարց է այն դարձնել դե ֆակտո իրողություն։

Այսօր, երբ բոլորին մեղավոր կարգող իշխանությունը փաստացի փակեց Արցախի էջը և, ցավոք, արդեն իսկ երերուն է դարձրել Հայաստանի պետականությունը, սահմաններն ու ապագան, ամեն կերպ փորձում է խմբագրել Արցախի հանձման պատմությունը՝ մեղավոր կարգելով նաև քեզ, ո՛վ հայ ժողովուրդ։

Ժաննա Ծառուկյան

#ինչպեսհանձնվեցԱրցախը