Կերկարացվի հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը

Հայաստանում անհրաժեշտ է երկարացնել հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը։ Այս մասին Ազգային ժողովում, պաշտպանության և անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, նոյեմբերի 6-ին ասել է ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ դա, ծայրահեղ դեպքում, կտևի մինչև կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրումը։ «2017թ. ավարտին է մոտեցել լեհական ընկերության հետ պայմանագրի ժամկետը, որն զբաղվում էր հայկական կենսաչափական անձնագրերի և ID-քարտերի արտադրությամբ և սպասարկմամբ։ Դրանից հետո սկսվել է նոր և ավելի ժամանակակից տեխնիկական պահանջների մշակումը»,- ասել է Ղազարյանը։

Նոր ուղղումները նախատեսում են նաև հին անձնագրերի և ID-երի տրամադրման ժամկետի երկարացում պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում։

Հարցին, թե երբ կտրվեն կենսաչափական անձնագրերը, իշխանության ներկայացուցիչը դժվարացել է պատասխանել։ «Մինչև մրցույթը չանցկացվի, մինչև  պարզ չդառնա, թե որ ընկերության հետ ենք գործ ունենալու և ինչ ժամկետում կարելի կլինի ներդնել նոր համակարգը՝ ես չեմ կարող պատասխանել այդ հարցին»,- ասել է նա։

Նշենք որ կենսաչափական անձնագրերի ներդրման վերջին ժամկետը սահմանված էր 2023 թ. դեկտեմբերի 31-ը։