Նախագիծ. փոփոխություններ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նախագծի նպատակը գործող կարգում կամավոր ատեստավորման կազմակերպման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների հստակեցումն է, որոնք ենթակա են կարգավորման՝ գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

Մասնավորապես, ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած, սակայն երկրորդ անգամ ատեստավորմանը մասնակցած և 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները, ինչպես նաև առաջինից երկրորդ ատեստավորման արդյունքում առնվազն 15 տոկոս աճ գրանցած, բայց չատեստավորված ուսուցիչները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ մասնակցելու հաջորդ ատեստավորմանը և մինչև այդ աշխատանքի շարունակականության խնդիր չեն ունենա։

Այս կարգավորումը միջին մասնագիտական կրթություն ստացած ուսուցիչներին չի վերաբերի, քանի որ «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի պահանջը ատեստավորված համարվելն է, որի համար 60 տոկոս և ավելի արդյունք է պահանջվում:

Նախարարությունից մանրամասնում են՝ ատեստավորումն անցած և 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար նախատեսվում է դրույքաչափի փոփոխություն՝  այն սահմանելով 200 հազար դրամ: Նշված դրույթը կտարածվի նաև նախորդ տարիներին  ատեստավորմանը մասնակցած և այս արդյունքն արձանագրած ուսուցիչների վրա: Հավելենք, որ դրույքաչափի բարձրացումը կատարվում է անժամկետ, կարգի փոփոխության հաստատումից և ուժի մեջ մտնելուց հետո։

Համատեղությամբ աշխատող ուսուցիչների վճարման դրույթը ևս վերանայվել է՝ լավարկման սկզբունքով: Ինչպես հիմնական, այնպես էլ համատեղությամբ աշխատավայրում ուսուցիչը կունենա դրույքաչափի փոփոխություն և կստանա հավելավճար (ՆՄԿՈՒ ոլորտում համատեղությամբ աշխատելու դեպքում հանրակրթական առարկաների ժամերի վրա ևս  հավելավճարները տարածվում են):

Հաստատությունների հիմնական առարկայացանկից դուրս էին մնացել առարկաներ, որոնք հարակից են որոշմամբ սահմանված առարկաներին և հիմնականում դասավանդվում են նույն մասնագետի կողմից։ Սահմանվում է, որ հավելավճարը տրվելու է դասավանդվող բոլոր առարկաների համար: Նախագծով առաջարկվում է «Բնագիտություն» առարկայից հետո ավելացնել «Բնություն» և «Իմ հայրենիքը», «Աշխարհագրություն» առարկայից հետո՝ «Հայաստանի աշխարհագրություն», իսկ «Ինֆորմատիկա» առարկայից հետո, տարրական դասարանից սկսած, «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաները:
Առաջարկվող փոփոխություններով կկարգավորվեն նաև մի շարք ոչ միանշանակ մեկնաբանվող դրույթներ։

Մասնագիտական կառույցները, շահագրգիռ կազմակերպությունները և անձինք նախագծի վերաբերյալ իրենց կարծիքներն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև 2023 թ․ նոյեմբերի 3-ը։