Իսրայելը գաղտնի օգնել է Ադրբեջանին՝ Արցախը «վերադարձնելու» համար. AP

Իսրայելը զենքով գաղտնի օգնել է Ադրբեջանին Արցախը վերադարձնելու համար։ Այս մասին հայտնի է դարձել AP News-ին։

«Մեզ համար լուրջ խնդիր է այն, որ իսրայելական զենքը կրակում է մեր ժողովրդի վրա։ Ես չեմ հասկանում, թե ինչու Իսրայելը չի կարող գոնե ինչ-որ մտահոգություն հայտնել այն մարդկանց ճակատագրի հարցում, որոնք արտաքսվել են իրենց հայրենիքից»,- գործակալությանն ասել է Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը։

Ադրբեջանի ռազմական գործողությունն սկսվելուց առաջ ընդամենը մի քանի շաբաթում ռազմական բեռնատար ինքնաթիռները բազմիցս թռել են Իսրայելի հարավային ավիաբազայի և Արցախից ոչ հեռու գտնվող օդանավակայանի միջև, վկայում են թռիչքների հսկման տվյալները և հայ դիվանագետները։ Այդ թռիչքները տագնապեցրել են պաշտոնյաներին Երևանում, որոնք երկար ժամանակ զգուշանում էին Իսրայելի և Ադրբեջանի միջև դաշինքից, ասված է հրապարակման մեջ։

Իսրայելի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները հրաժարվել են մեկնաբանել Արցախում իսրայելական զենքի օգտագործումը կամ Հայաստանի անհանգստությունն Ադրբեջանի հետ նրա գործընկերության առիթով։

Փորձագետների գնահատմամբ՝ 2016-2020թթ. Իսայելը Ադրբեջան է մատակարարել իր զինանոցի մոտ 70 տոկոսը, ինչն Ադրբեջանին գերազանցություն է ապահովել Հայաստանի նկատմամբ և խթանել Իսրայելի խոշոր պաշտպանական արդյունաբերությունը։

«Իսրայելական զենքը շատ կարևոր դեր է խաղացել՝ թույլ տալով ադրբեջանական բանակին հասնել իր նպատակներին»,- ասել է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի ավագ գիտաշխատող Փիտեր Վեզեմանը, որը զբաղվում է զենքի վաճառքի հարցով։

Վեզեմանի խոսքով՝ իսրայելական մեծ հեռահարության հրթիռները և պայթող դրոնները փոխհատուցում են Ադրբեջանի ոչ մեծ ռազմաօդային ուժերը, անգամ երբեմն հարվածներ հասցնելով հենց Հայաստանի տարածքում։ Իսրայելական «երկիր-օդ» դասի «Բարաք-8» հրթիռները պաշտպանում են Ադրբեջանի օդային տարածքը՝ խփելով հրթիռներն ու անօդաչուները, ավելացրել է նա։

Անցած ամիս հարձակումից ոչ շատ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ բանակը փորձարկել է «Բարաք-8» հրթիռները։ Դրանք ստեղծած Israel Aerospace Industries ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի կողմից իր ՀՕՊ համակարգերի և մարտական դրոնների օգտագործումը։

«Մենք ուրախ ենք այդ համագործակցության համար, այն բավական բարեհաջող էր և օգտակար պաշտպանության համար»,- AP գործակալությանն ասել է Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը՝ խոսելով ադրբեջանական զինված ուժերին Իսրայելի աջակցության մասին։ «Մենք դա չենք թաքցնում»։