Երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում. Վարդան Ղուկասյանի պատասխանը՝ Մարությանին

Երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում, երբ որ ադրբեջանական զորքը կանգնած է Երասխի մոտ, երբ որ 100 հազար փախստական լցվել է Հայաստան և  յուրաքանչյուր կոպեկը կարև որ է: Այս մասին հայտարարել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով Հայկ Մարությանի հայտարարությանը:
«Երկրորդ փուլ թույլ տալ, որ ընկնել  քուչա-քուչա քարոզարշավ անել, ես դա ոչ ընդունում եմ, ոչ էլ դա անող եմ: Կա այսպիսի մի վտանգ, ամենամեծ վտանգը, ռոբասերժական կլանը չպիտի իր դիրքերն ամրապնդի: Ես որպես ընդդիմություն ավելի նախընտրում եմ, որ սրանք չամրապնդվեն, քան թե Ավինյանը չվերարտադրվի: Ավինյանը եթե վերարտադրվի, օրենքը թույլ է տալիս մի տարի հետո անվստահություն հայտնել և  հեռացնել, բայց երբ  ռոբասերժական կլանը ամրապնդվեց, դա կլինի Հայաստանի Հանրապետության վերջը լիակատար, կդառնա գուբերնիա՝ առանց Սյունիքի: Ես գնացի ինձ համար անընդունելի գործարքի, սակայն Հայկ Մարությանը ասաց, որ կամ ինքը քաղաքապետ կլինի, կամ՝ քաղաքապետ չի լինի, ես էլ պատասխանեցի՝ դու չես լինի քաղաքապետ: Հիմա ինձ քաղաքապետի ընտրությունների հարցը չի հուզում, ինձ հետաքրքիր է ինչ է լինելու մինչև  ամսի 10-ը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել էր, որ բոյկոտելու են ավագանու առաջին նիստը նոր ընտրությունների գնալու համար, և  «Հանրային ձայն» կուսակցությանը առաջարկել էր նույնպես բոյկոտել՝ իշխանության վերարտադրություն թույլ չտալու համար:

Նշենք, որ «Հանրային ձայն» կուսակցությունը սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով ստացել է 7 մանդատ:

Ընտրություններին մասնակցած և ընտրական շեմը հաղթահարած ոչ մի քաղաքական ուժ չունի 33 մանդատ, որը պետք է քաղաքապետ ընտրելու համար: