Արցախը ցեղասպանողը, հայաթափողն ու Ադրբեջանին հանձնողը մեկ մարդ է, ու այդ մարդը Փաշինյան Նիկոլն է

Հայ ժողովուրդն այսօր ապրում է մեծագույն ողբերգության, հուսահատության ցավի օրեր: Հայոց պատմության մեջ կրկնվեց սարսափելի աղետը` ցեղասպանությունը: Այս անգամ հայկական Արցախ աշխարհը դարձավ ցեղասպանության վայր:

21-րդ դարում` հումանիստ ձևացող աշխարհի աչքի առաջ բարբարոս Ադրբեջանը Արցախում ցեղասպանություն իրականացրեց, ու չկա որևէ լուրջ դատապարտում, մի քանի լալահառաչ, ափսոսանք արտահայտող հայտարարություններ, ու վերջ: Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու, ցեղասպանի դեմ պատժամիջոցներ կիրառելու փոխարեն` լռում են բոլորը…

Ինչպես 2020-ի 44 օր տևած պատերազմի ժամանակ Ադրբեջանը խախտեց պատերազմելու միջազգայնորեն ընդունված բազմաթիվ կանոններ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածները, օգտագործելով արգելված զինատեսակներ` ֆոսֆորային, կասետային զենքեր, ռազմական գործողություններում ներգրավելով սիրիացի վարձկաններին, գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց ենթարկելով խոշտանգման և անմարդկային տանջանքների, նույնը կրկնվեց 2023-ի սեպտեմբերի մեկօրյա արյունոտ պատերազմում:

10 ամիս արցախցիներին սովամահության ենթարկելով` սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանը սկսեց ինտենսիվ ռազմական գործողություններ` շրջափակման մեջ հյուծված 120 հազար հայության դեմ: Այս անգամ էլ բարբարոսը Արցախի դեմ կիրառեց ցամաքային և օդային միջոցներ` դրանք ուղղելով խաղաղ բնակչության դեմ: Ադրբեջանցիները ահավոր դաժանություններ են իրականացրել Արցախի ժողովրդի դեմ, մասնավորաբար, գյուղական համայնքներում: Շատ փաստեր դեռ հայտնի չեն, շատերն այդպես էլ կմնան չբացահայտված: Բայց արձանագրված փաստերը սահմռկեցուցիչ են. դրանք վկայում են ադրբեջանցի ցեղասպան զինվորների զարհուրելի բարբարոսությունների, գլխատումների, բռնաբարությունների մասին: Արցախում ամբողջական գյուղեր անհետացել են… Արցախցիների դեմ իրականացվեց ցեղասպանություն` իր բոլոր բաղադրիչներով` սովահարությունից մինչև ֆիզիկական ոչնչացում, մինչև հայրենազրկում:

Ամիսներ շարունակ թշնամին արցախցուն սովի մատնեց, բայց արցախցին մնաց սեփական հողում, մնաց ու պայքարեց իր սիրած Արցախի համար: Արցախցին մնաց` իր երազանքը իրականություն դարձնելու համար` Արցախը տեսնել պաշտպանած, ազատագրված: Հանուն այդ երազանքի` կռվեց հայ զինվորը, ում առաջ այս անգամ էլ կանգնած էր թուրքական, ադրբեջանական, իսրայելական, պակիստանական զենքն ու զինուժը: Հայ զինվորը կռվեց մինչև վերջին փափուշտը…

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում 200 զոհ ու 400-ից ավելի վիրավոր տվեց: Անհամաչափ ուժի դեմ կռվում ընկավ հայկական Արցախը:

Սեպտեմբերի 28. Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց Արցախի Հանրապետության լուծարման մասին: Հրամանագրում արձանագրվեց ցավալին. «2024-ի հունվարին 1-ից ԼՂ Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ»:

Ո՞ւմ ձեռքով, ինչո՞ւ ստեղծվեց այս իրավիճակը:

Չնայած տարբեր ժամանակներում ադրբեջանաթուրքական հրոսակների հարձակումներին, ցեղասպանական գործողություններին` Արցախը միշտ մնացել է հայկական, երբևէ չի հայաթափվել: Արցախցին դիմացել է ու չի հեռացել իր բնօրրանից: Բայց 21-րդ դարում, երբ 30 տարիների ընթացքում ՀՀ նախկին իշխանությունների կողմից իրականացված հսկայական դիվանագիտական աշխատանքի արդյունքում Արցախի ինքնորոշման իրավունքը ընդունելի ու ընկալելի էր դարձել աշխարհում, երբ ստեղծվել էր մեծ հնարավորություն, ի վերջո, հասնելու Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը` Արցախը հայաթափվում է: 4000 տարի իր հողի վրա ապրած ժողովուրդը հայրենազրկվեց, տեղահան եղավ, հարկադրված գաղթական դարձավ իր պատմական հայրենիքից:

Արցախի մեծագույն ողբերգությունը սկսվեց այն պահից, երբ Հայաստանի իշխանությունը հրաժարվեց Արցախից ու արցախահայության անվտանգության երաշխավորի դերից: Արցախի գլխին ամպեր կուտակվեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում Ալիև-Փաշինյան հանդիպման ժամանակ վերջինս ի լուր աշխարհի հայտարարեց` Արցախը Ադրբեջանի մաս է: Արցախը դավաճանվեց Հայաստանի իշխանության կողմից, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը եղավ Արցախը Ադրբեջանին հանձնողը: Ու պարտությունը դարձավ անխուսափելի:

«Միամտություն էր կարծել, թե 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հանցավոր գործարքից հետո Արցախը կարող էր երկար գոյատևել: Ապագա սերունդներ, երբեք չմոռանաք, որ Արցախը հայաթափել և Ադրբեջանին է նվիրել հայ ազգի դավաճան Նիկոլ Փաշինյանը»,- գրել է ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Այո, Արցախը Ադրբեջանին հանձնողը մեկ մարդ է, ու այդ մարդը թշնամու հետ համագործակցած Փաշինյան Նիկոլն է:

Սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ իրականացվող ցեղասպանությանը Հայաստանի Հանրապետության իշխանությունը չմիջամտեց: Այս մեծ կռվում Արցախը մնաց բոլորովին միայնակ: ՔՊ-ականները չեն էլ թաքցնում, ասում են` չմիջամտեցինք, որպեսզի Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա: Փաստորեն, Փաշինյանի իշխանությունը իրականացրեց հետևյալ քաղաքականությունը` զոհաբերեց Արցախը, որպեսզի փրկի Հայաստանը: Մեծագույն խաբկանք: Քանզի թշնամին կանգ չի առնելու: Եվ հիմա արդեն «զոհասեղանին» Հայաստանն է:

ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանը հայտարարեց` Փաշինյանը պետք է տա «Զանգեզուրի միջանցքը» ու իրականացնի իր բոլոր խոստումները: Իսկ խոստացածը վերաբերում է թե’ «Զանգեզուրի միջանցքի» հանձնմանը, թե ցեղասպանության էջը փակելուն, թե Տավուշի 8 «անկլավները» հանձնելուն:

ՀՈՂ ԱՆՁՆՈՂԻՆ` ԿՀԱՆՁՆԵՆՔ ՀՈՂԻՆ

Արցախի հարցում 30 տարի եղել է այս գիտակցումը. ցանկացած մեկի` երկրի ղեկավարից սկսած, մտքով եթե անցնի Արցախի հարցում գնալ ցավալի զիջումների` կարժանանա ժողովրդի դատաստանին: Հող անձնողին` կհանձնենք հողին: Մեր թշնամին սա լավ գիտեր: Բայց նաև գիտեր, որ երկրի ներսում կան մարդիկ, որոնք լինելով` «Արցախը տանք, որ լավ ապրենք» հակահայկական թեզի կրողը, պատրաստ են հանուն փողի, հանուն իշխանության՝ հանձնել Արցախը: Համոզված լինելով, որ պատերազմի դաշտում անկարող է հաղթել հայկական բանակին, թշնամին ծրագրեց ներսից`ներքին թշնամու ձեռքով հասնել իր նպատակին: 2018-ին արտաքին ուղղորդմամբ ու ադրբեջանաթուրքական փողերով կազմակերպված իշխանափոխության նպատակը հենց դա էր`իշխանության բերել թրքահպատակ մարդկանց խմբին, որոնք կհանձնեն Արցախը:

2018-ի մայիսի 8-ին իշխանափոխությամբ ՀՀ պետության ղեկը բռնազավթած խմբակը նախկիններից, որպես ժառանգություն ստացել էր հայկական երկու Հանրապետություններ` Հայաստանի ու Արցախի` 42 000 քառ/կմ տարածքով: Փաշինյանի իշխանությունը ստացավ ժառանգություն Հայաստան-Արցախ մեկ միասնական անվտանգային համակարգ: Նրա նախընտրական ծրագրում, ազգային անվտանգության դոկտրինում անգամ այդ մասին ամրագրված էր: Սակայն կարճ ժամանակ անց սկսեց փլուզել 30 տարիներին ստեղծված անվտանգային կուռ համակարգը: Սկսեց քայլ առ քայլ թուլացնել Հայաստանի Հանրապետության բանակցային ամուր դիրքերը: Եթե մինչ 2018-ը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին հայկական կողմը արել էր ամեն ինչ` բանակցային գործընթացում շահեկան դիրք գրավելու, բարենպաստ ըն­թացք ապահովելու համար, ապա Փաշինյանը գնաց հակառակ ուղղությամբ` կազմաքանդելով ձեռքբերումները:

ՀԱՅՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՉԱՑՐԵՑ` ԻՐԵՆ ԳԺԻ ՏԵՂ ԴՆԵԼՈՎ

Փաշինյանը միտումնավոր փչացրեց Ռուսաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները. ՌԴ-ին` դաշնակցից թշնամի սարքեց: Տևական ժամանակ է, որ Ռուսաստանի ու Հայաստանի իշխանությունների միջև փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ են հնչում: Սա աննախադեպ վիճակ է, որը չի եղել մեր համատեղ պատմության ընթացքում, ու անցած 30 տարիներին: Իշխանության գալով՝ Փաշինյանի կառավարությունը որոշեց անդամակցել ինչ-որ ժողովրդավարական ճամբարի, որտեղ հայտարարվում էր, որ իրենց թշնամին Ռուսաստանն է ու Չինաստանը:

Ռուսական կողմը քանիցս հասկացնում էր, որ նման քաղաքականության հետևանքները վատ են լինելու Հայաստանի համար, միաժամանակ ակնարկելով, որ Կրեմլում այլևս չեն վստահում ՀՀ իշխանությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին, որ վերջինս հավատարիմ դաշնակից չէ:

Այս իշխանության դիվանագիտական կոպտագույն սխալները ՌԴ-ին մղել են դեպի Ադրբեջան ու Թուրքիա: Փաշինյանն իր քաղաքականությամբ օգնում է, որ ՌԴ-ում գործող պրոթուրքական լոբբին կարողանա փաստերով համոզել ՌԴ ղեկավարությանը, որ հայերը ռուսաֆոբ են, անվստահելի են, նրանց հետ գործ ունենալ պետք չէ, հետևաբար, ավելի լավ է պայմանավորվել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, որոնք և՛ վստահելի են, և՛ ավելի հարուստ:

Իշխանության գալով՝ Փաշինյանը շտապեց ընդունել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին, որը եկավ ու հրահանգեց` կարգավորել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները, խզելով Ռուսաստանի հետ դաշնակցային բնույթի հարաբերությունները և դառնալ լիարժեք ինքնիշխան երկիր։ Փաշինյանի 5 տարիների քաղաքականությունը ծավալվեց բոլթոնյան հրահանգի ներքո: Իսկ այս ամենից օգտվեց և շարունակում են օգտվել Ադրբեջանն ու Թուրքիան:

Խոսելով Փաշինյանի ձեռքով վտանգված հայ ռուսական հարբերությունների մասին` նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր. սա հայ-ռուսական հարաբերությունները փչացրեց` իրեն գժի տեղ դնելով. «Իրենց գժի տեղ դնելով, կոպտորեն խախտեցին արարողակարգի մասին ՀՀ օրենքը, բացահայտ և իրենց կարծիքով ծածուկ հակառուսական տրամադրություններ առաջացնելով Հայաստանի Հանրապետությունում։ Իր «կառուցողական» գործընկերոջ` Ալիևի հետ սեպարատ բանակցություններ վարելով, սրանք մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործով անհիմն մեղադրանք առաջադրեցին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին… Ուզո՞ւմ եք այսպես մի 50 հատ շարունակեմ, անիմաստ է ժամանակ ծախսելը, էլ ի՞նչ պետք է աներ…»։

ՓԱՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ

Մինչ 2018-ի չարաբաստիկ իշխանափոխությունը, ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրով այսպես է գնահատել հայ-ռուսական հարաբերությունները.

 «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դաշնակցային, ռազմավարական, գործընկերային են: Այս տերմիններն ամրագրված են երկկողմ պայմանագրերում, ՀԱՊԿ փաստաթղթերում և այս կապերը ներառում են մեր ժողովուրդների գործունեության առանց բացառության բոլոր ոլորտները: Վերջին 10 տարիներին հարաբերությունները, իհարկե, զարգացել են մեր երկրների նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի փոխադարձ վստահության վրա հիմնված շփումների արդյունքում»:

Ամեն ինչ գլխիվայր գնաց Փաշինյանի իշխանության գալով:

ԵԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱՂԵՐ ՉՏԱՐ…

Արցախի առանչությամբ Փաշինյան Նիկոլի հնչեցրած բոլոր հայտարարությունները միտված են եղել մեկ բանի` Արցախի հանձնմանը Ադրբեջանին: Հիշենք, մեզ պարտության տարած ազգադավի մի քանի հայտարարությունները.

*«Արցախը Հայաստան է և վերջ»,

*«Բանակցությունները սկսում եմ սեփական կետից, զրոյական կետից, ոչ թե Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունից»,

*«Ինչ կուզեմ կբանակցեմ, հըըը, ու մեկը չասի, թե ինչ եմ բանակցում»,

*«Ադրբեջանը կառուցողական է»,

* «Ալիևը բարեկիրթ է»,

*«Արցախի հարցում մեր լուծումը պետք է բավարարի Ադրբեջանի, Արցախի ու Հայաստանի ժողովրդին»

*«Արցախի հարցում նշաձողը պետք է իջեցնենք»,

*«Աշխարհը երբեք չի ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմից դուրս»…

Եվ այսպես շարունակ:

Ահա թե ինչ է գրում ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը. «2018-ից սկսած Փաշինյանի շարունակական սխալները բերեցին մեծ պատերազմի, եթե նա այդ օրերին չսխալվեր, հավատացեք այսօր մենք կունենայինք ամբողջական ԼՂԻՄ՝ Շուշիով, Հադրութով և մնացած մասերով։ Եթե նա նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարությունից հետո մնար հավատարիմ այդ հայտարարության էությանը, կոնտեքստին, չշեղվեր, խաղեր չտար, տարբեր տեղեր խոստումներ չտար, հավատացեք, այսօր մենք կունենայինք Ղարաբաղ՝ Լաչինի միջանցքով։ Եթե նա Պրահայում չաներ իր հաջորդ հերթական սխալը, չճանաչեր Արցախն Ադրբեջանի կազմում, այսօր մենք կունենայինք Ղարաբաղը։ Մենք կունենայինք աջակիցներ, պատերազմից հետո Ֆրանսիան, ՌԴ-ն, ԱՄՆ-ն ասացին, որ անընդունելի է ռազմական ճանապարհով հարցի լուծումը, այս հարցը փակված չէ, կարգավիճակի հարցը դեռ պետք է քննարկվի։ Փաշինյանը չլսեց ու գնաց այլ ուղղությամբ։ Փաշինյանն իր սխալներով դեմ է գնացել Լեռնային Ղարաբաղի հարցում պատմական օրինաչափություններին, որոնք հայկական կողմի օգտին էին։ Այն ողբերգությունը, որը հայ ժողովրդի «գլխին է եկել», ունի մեկ պատասխանատու, մեկ մեղավոր` Նիկոլ Փաշինյանն ու նրա փոքր խումբը»:

Հ.Գ․ Արցախի հայաթափումը ավարտելուց հետո, հերթը հասել է Հայաստանին:

Եթե փաշինյանը մնա իշխանության, ապա Հայաստանի համար կիրականացվի Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

Սրմինե Սիմոնյան