Կոռնիձորի անցակետն արդեն հատել է բռնի տեղահանված 19 հազար արցախցի

Այս պահի դրությամբ 19 հազար մարդ է հատել Կոռնիձորի մեր անցակետը. որոնցից ավելի քան 2500-ը արդեն գտնվում են իրենց տեղակայման վայրերում, նրանք դիմել են կառավարությանը աջակցություն ստանալու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Այս պահին Գորիսում է 1200 մարդ, որոնք գտնվում են տեղավորման գործընթացում: Դա հասկանալի պատճառներով ժամեր է պահանջում: Մնացածն ասել են, որ ունեն իրենց բնակության վայրերը: Մենք հասկանալով, որ դա մարդկանց կամքն է, ընդառաջ գնալով այդ կամքին՝ չենք առարկել, որ գնան այն հասցեները, որտեղ որոշել են: Այնուամենայնիվ, ես հուսով եմ, որ շուտով այդ հոսքը կթուլանա, և երբ տեղավորման հետ կապված ամենակարևոր հարցերը կարգավորած կլինենք, կգտնենք նաև այն մարդկանց, որոնք գտնվում են իրենց կողմից որոշված վայրերում և գուցե տարբեր ձևաչափերով կպարզենք, թե ինչ անելիքներ կան իրենց հետ կապված:

Մի դեպքում դրանք կարող են լինել երեխաների կրթության հետ կապված հարցեր, մի դեպքում առողջապահության, մի դեպքում, բնակության պայմանները բարելավելու հետ կապված հարցեր: Այս բոլոր հարցերը առանձին-առանձին կհասկացվեն և յուրաքանչյուր խմբի հետ տարվող աշխատանքի արդյունքում լուծումներ կտրվեն»,-ասաց փոխվարչապետը: