«Հանրային ձայն»-ը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ՝ պայմանով

«Հանրային ձայն» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ պայմանով,  որ վերահսկողական ֆունկցիաները հանձնեն իր կուսակցությանը։

Նա կոչ է արել ընդդիմադիր թեկնածուներ Հայկ Մարությանին և Անդրանիկ Թևանյանին միավորվել։

Հիշեցնենք, որ  Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Երևանի ավագանու ընտրությունների ձայների էլեկտրոնային հաշվարկը։ Բոլոր 475 ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփվել են, ըստ որի, նախնական տվյալներով՝ Երևանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետությունը» և «Հանրային ձայնը»:

Ըստ նախնական տվյալների Երևանի ավագանու մանդատները բաշխվում են հետևյալ կերպ՝ ՔՊ-24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ,  «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն» 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»-ը՝  7 մանդատ։

Մանե Թանդիլյանի գլխավորած «Ապրելու երկիր» կուսակցությունը չի հաղթահարել 4 տոկոսի շեմը: