Հայաստանն ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ․ Փաշինյան

«Հայաստանն ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ»,- այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կաշխատենք ու ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները»,- ասաց նա:

«Խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի ու միակ լուծումն է, որ երաշխավորում է մեր երկրների, տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն անհրաժեշտ ու ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացման ու առաջընթացի համար։

Այսօր նաև այս իմաստով հրատապ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, ինչի ուղղությամբ կշարունակենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։