Նիկոլը և նիկոլենք գործելով Ռուսաստանի դեմ, դաշույն են խրում պատերազմի առջև կանգնած Հայաստանի և Արցախի թիկունքին. պահը հատուկ է ընտրված. 4

Ներքին թշնամին՝ Հայաստանում և Արցախում ռուսական ներկայության վերջը տալու հստակ քաղաքականությամբ

 

Սկիզբը` այստեղ

Հայաստանը և Արցախը կանգնած են գոյաբանական լրջագույն սպառնալիքի առջև: Մենք ուղղակի գտնվում ենք նախապատերազմական իրավիճակում, լայնամասշտաբ պատերազմի նախաշեմին:

«Պաշտպանության նախարարություն» կոչվածը ժամեր առաջ տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր ժամը 14:35-ի սահմաններում կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Զոհ կամ վիրավոր ունե՞նք, թշնամին ի՞նչ զինատեսակից կամ զինատեսակներից է կրակ բացել, հայկական կողմը պատասխան գործողություններ ձեռնարկե՞լ է, մարտական գործողությունները դադարե՞լ են, թե շարունակվում են. պաշտոնական հաղորդագրության մեջ այս հարցերից որևէ մեկի վերաբերյալ բառ անգամ չկա:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջին շրջանում մեկը մյուսի ետևից ապատեղեկատվություն է տարածում, թե Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումներն կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում, հարավարևմտյան հատվածում, հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ այսպիսով ակնհայտորեն կեղծ հիմքեր նախապատրաստելով Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի համար:

Վերջին միայն 3 օրում (սեպտեմբերի 10- 12- ը) Ադրբեջանի կողմից այդպիսի ութ ապատեղեկատվություն է տարածվել, Հայաստանի ՊՆ- ն բոլորն էլ հերքել է (համապատասխան տեղեկություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.mil.am/hy/news ): Ճիշտ նույն իրավիճակն է, ինչ 44- օրյա պատերազմից առաջ: Միայն կույրը կարող է այս ամենը չտեսնել:

«Հանրային» կոչված հեռուստաընկերությանը սեպտեմբերի 11- ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ինքն է հայտարարել, որ Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանը զորք և զինտեխնիկա է կուտակում, ինչից ելնելով նոր ագրեսիայի վտանգ կա:

«Սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին զորքերի որոշակի կուտակում ունի և նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ զորքերի որոշակի կուտակում ունի,- ասել է Նիկոլը:- Այն գնահատականները, որ տվել եմ կառավարության նիստում, չեն փոխվել»:

Վերոնշյալ ասուլիսից չորս օր առաջ՝ սեպտեմբերի 7- ին, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը կառավարության նիստում հայտարարել էր, որ Ադրբեջանը զորքեր է կենտրոնացրել Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ բաժանարար գծում, և որ իրավիճակը պայթյունավտանգ է:

«Անցած շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն վատթարացել է,- ասել էր Նիկոլը:- Պատճառն այն է, որ Ադրբեջանն արդեն մի քանի օր է, զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Հակահայկական արտահայտությունները՝ ատելություն բորբոքող, դարձել են ավելի ինտենսիվ  ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում»:

Սահմանին և Արցախի հետ Ադրբեջանի շփման գծի երկայնքով տիրող իրավիճակին առավել հանգամանորեն կարող եք ծանոթանալ ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի հետևյալ ֆեյսբուքյան գրառումից:

Այսպիսով Հայաստանի իշխանությունները կույր չեն ու տեսնում են, թե ռազմաքաղաքական ինչ իրավիճակ է տարածաշրջանում, ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հետ Ադրբեջանի շփման գծի երկայնքով, բայց փոխանակ պատերազմը կանխելու ուղղությամբ համապատասխան քայլեր կատարելու, մասնավորապես, Հայաստան ՀԱՊԿ կամ ՌԴ խաղաղապահ զորքեր հրավիրելու կամ այստեղ ՀԱՊԿ- ի, ՌԴ- ի կամ Ռուսաստանի և Իրանի հետ համատեղ զորավարժություններ կազմակերպելու, գնալով միտումնավոր սրում են հայ- ռուսական հարաբերությունները՝ փորձելով, պատկերավոր ասած, խորտակել այն կամուրջը, որով օգնություն ենք ակնկալում ստանալ մեր համար այս դժվարին ժամանակաշրջանում:

Նիկոլը 3 օրվա ընթացքում (սեպտեմբերի 9- 11- ը) հեռախոսազրույցներ է ունեցել վեց պետության համապատասխան պաշտոնյաների հետ: Պաշտոնական տեղեկությունների համաձայն , նա զանգահարել և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացմանը վերաբերող հարցեր է քննարկել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իրանի նախագահի, ԱՄՆ-ի պետքարտուղարի, Վրաստանի վարչապետի հետ: Դարձյալ պաշտոնական տեղեկատվության համաձայն, Թուրքիայի նախագահի հետ էլ խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի մասին:

Սակայն, այս ամենով հանդերձ ու սահմանային հիշյալ լարվածության պայմաններում, Նիկոլը չի զանգահարել ու վերը նշված հարցերի շուրջ չի զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այսպիսով ոչ միայն արհամարհել է ու հասկացրել է, որ ինքը և իր ոհմակը չեն ցանկանում Ռուսաստանի ներգրավումը վերոնշյալ խնդիրների լուծման, ներառյալ՝ սահմանային վտանգավոր լարվածությանը վերջ տալու և պատերազմը կանխելու գործում, այլև խուսափել է Պուտինի մի շարք հարցերին պատասխանելուց, որոնք տրամաբանորեն խիստ էին լինելու:

Հարցերին, որոնք կարող էին վերաբերվել վերջին շրջանում Ռուսաստանի և ռուսաստանյան պաշտոնյաների հանդեպ «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի, արտգործնախարարության և անձամբ իր խայտառակ հայտարարություններին ու մեկնաբանություններին: Եվ ամենակարևորը՝ խուսափել է պատասխան տալ Հայաստան խաղաղապահ զորքեր մտցնելու, ինչպես նաև այստեղ զորավարժություններ կազմակերպելու վերաբերյալ Ռուսաստանից եկող առաջարկներին:

Այն բանից հետո, երբ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահ Պուտինին չզանգահարելու առնչությամբ դիվանագիտական սկանդալի պես մի բան էր արդեն պայթել, համենայն դեպս, ԶԼՄ- ներում մեծ աղմուկ էր բարձրացել, Նիկոլը «Հանրային» կոչված հեռուստաընկերությանը երեկ տված նույն հարցազրույցում փորձեց արդարանալ, չքմեղանալ, թե բա «Իրականում առաջին զանգը հենց ՌԴ նախագահին է եղել, որովհետև վերջերս այս իրավիճակի հետ կապված խոսել եմ ՌԴ նախագահի հետ և մյուսների հետ չեմ խոսել»:

Նիկոլի սուտը շատ հեշտ է բռնել, կեղծիքը շատ հեշտ է բացահայտել ընդամենը մի պարզ հարց տալով՝ ե՞րբ վերջերս… Մեր սահմանի և Արցախ- Ադրբեջան շփման գծի երկայնքով ադրբեջանական զորքի և զինտեխնիկայի կուտակումը սկսվել է սեպտեմբերի 4- ից, համենայն դեպս, սեպտեմբերի սկզբից: Դրանից հետո Նիկոլը զանգահարե՞լ է Պուտինին, և եթե այո, ապա իր պաշտոնական կայքում ինչո՞ւ այդ մասին որևէ տեղեկատվություն չի հրապարակվել՝ ի տարբերություն վերոնշյալ վեց պետության համապատասխան պաշտոնյաների հետ իր հեռախոսազրույցների:

Ստում է առաջինը Մակրոնին զանգահարած Նիկոլը, ադրբեջանական զորքի և զինտեխնիկայի կուտակումից հետո նա Պուտինին ընդհանրապես չի զանգել, վերջին անգամ ՌԴ նախագահին զանգահարել ու նրա հետ հեռախոսազրույց է ունեցել հուլիսի 5- ին:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան