Ակնա-Ասկերան ճանապարհը Ադրբեջանից ուղարկող «օգնության» համար շարունակում է փակ մնալ

Ադրբեջանի կողմից Կարմիր մահիկի բեռնատարներով Արցախի ժողովրդին ուղարկված «հումանիտար» բեռի մուտքն Արցախ արգելելու համար Ակնա-Ասկերան ճանապարհը շարունակվում է փակ մնալ արցախցիների կողմից։

Ակցիայի մասնակիցները «Արցախպրես»-ի հետ զրույցում հավաստել են, որ դիմադրությունը շարունակվում է: Նրանք պայքարում են, որ Ադրբեջանի կողմից ուղարկված ոչ մի մարդասիրական օգնություն չմտնի Արցախ:

«Այս պահին հերթափոխ ենք իրականացնում, որ գնանք ու փուռում հերթ կանգնենք` օրվա ցամաք հացը գնելու համար։ Իսկ  երեկոյան կրկին կգանք այստեղ: Եղանակային անբարենպաստ պայմաններին էլ ենք դիմանում. կարևորն այն է, որ մեր թշնամու կողմից ուղարկված ոչ մի օգնություն և ոչ մի իր չմտնի Արցախ, հակառակ դեպքում` կստացվի, որ դավաճանել ենք մեր մարտիրոսված եղբայրներին»,-նշում է ակցիայի մասնակիցներից մեկը:

Իր հերթին Ասկերանի շրջվարչակազմի մամուլի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը հայտարարել է. «Ռուսաստանի Կարմիր խաչի բեռնատարը զննվել է Ակնա-Ասկերան ճանապարհահատվածում տեղակայված հսկիչ պահակակետում, որից հետո՝ ուղևորվել Ստեփանակերտ։ Նախօրոք բանակցություններ են եղել Ասկերան քաղաքի ակտիվի հետ, որի ժամանակ կողմերը համաձայնության են եկել ճանապարհը բացել բացառապես ռուսական մեքենայի համար՝ պայմանով, որ կպահպանվեն ռուսական կողմի պարտավորվածություններն առ այն, որ միայն անցնելու է ռուսական բեռնատարը և բացվելու է նաև Քաշաթաղի ճանապարհը (Լաչինի միջանցքը-խմբ)»: