Գարիկ Գալեյանը կալանավորվեց

Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր, «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գարիկ Գալեյանը երկու ամսով կալանավորվեց: Այս մասին լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

«Գարիկ Գալեյանը ուներ պատժի և կալանավորման կրմանը խոչընդոտող 3 հիվանդություններ, որոնք սահմանված են կառավարության որոշմամբ,այս հիվանդությունների պարագայում կալանքի կիրառումը անձի նկատմամբ խոշտանգում է»,-ասաց փաստաբանը՝ նշելով որ դատարանի որոշումը կբողոքարկեն:

«Եթե նման հաղորդագրությունները նայեք, կտեսնեք, որ նման մեղադրանքի դեպքում ոչ մի անգամ անուն ազգանուն չի նշվում, իսկ Գարիկ Գալեյանի դեպքում 3 անգամ նշել են, սրանից հետևում է, որ այս մեղադրանքի նպատակը Գարիկ Գալեյանին վարկաբեկելն է, «Որդիների կանչ» ՀԿ-ին արատավորելն է և նրանց կողմից իրականացվող պայքարը նսեմացելն է: Առավելագույնը, ինչ կարող է մեղսագրվել Գարիկ Գալեյանին, դա անձնական օգտագործման նպատակով մարիխուանայի օգտագործումն է, որը գլխի վնասվածքից հետո միակ միջոցն է եղել, սակայն իշխանության մեծամասնությունը այդ նույն հոդվածով պետք է այստեղ լինեին»,-ասաց նա:
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել են, որ Գ. Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով: Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է ավելի վաղ Գ. Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից սեպտեմբերի 6-ին կայացվել է Գ. Գալեյանին ձերբակալելու մասին որոշում: