Թուրքիան Արևմուտքին կներկայացնի Պուտինի և Էրդողանի բանակցությունների մանրամասները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների մանրամասները դիվանագիտական ուղիներով կհասցվեն Արևմուտքին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է հացահատիկի գործարքի շուրջ բանակցություններին մասնակցող թուրքական պատվիրակության աղբյուրը:

«Անշուշտ, մեր կողմից կտեղեկացվեն։ Մենք ձեռքներս ծալած չենք նստի, կշարունակենք աշխատել, որպեսզի առաջարկների նոր փաթեթի այն կետերը, որոնց մասին խոսել է պարոն նախագահը (Թայիփ Էրդողանը – խմբ.), կյանքի կոչվեն։ Հացահատիկի գործարքի վերսկսումը մեզ համար առաջնահերթություն է»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցություններն ավարտվել են երկուշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, Սոչիում: Հանդիպման ընթացքում ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցությանը, էներգետիկ և հացահատիկային գործարքին վերաբերող հարցեր:

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կսկսի անվճար հացահատիկ մատակարարել Աֆրիկայի վեց երկրներ: Իր հերթին Էրդողանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել ռուսական հացահատիկի վերամշակմանը՝ հետագայում կարիքավոր երկրներ ուղարկելու համար: