Բաքուն դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի նոր առաջարկներին․ Մհեր Գրիգորյան

Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Երևանում տեղի ունեցած Միջազգային արբիտրաժային կոնֆերանսի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Իմ ունեցած տեղեկություններով՝ դեռևս արձագանք չկա վերջին առաջարկի վերաբերյալ»,- ասաց Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Ադրբեջանը արձագանքե՞լ է խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջերս Հայաստանի փոխանցած առաջարկներին։

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանն օգոստոսի 25-ին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, թե հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր նոր առաջարկները։