Այսօր Գիտելիքի միջազգային օրն է

Այսօր սեպտեմբերի 1-ն է, Գիտելիքի միջազգային օրը: Հայաստանի և Արցախի բոլոր ուսումնական հաստատություններում վերսկսվել են դասերը:

Այս օրը դպրոցներում հանդիսավոր արարողություններ են ընթանում՝ նոր ուսումնական տարվան նվիրված, հատուկ հանդիսությամբ ընդունում են առաջին դասարանցիների։

Սեպտեմբերի 1-ին ուսումնական տարին սկսելու ավանդույթը հին ակունքներ ունի: 4-րդ դարում՝ 325 թվականի մայիսի 20-ին, Բյութանիայի Նիկիա քաղաքում բյուզանդական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի հրամանով գումարվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովը, որտեղ որոշում կայացվեց նոր տարին սկսել սեպտեմբերի մեկից։

Ըստ ավանդության՝ Արիստակեսը Հայաստան է բերում Նիկիական ժողովի որոշումները և ներկայացնում Գրիգոր Լուսավորչին։ Վերջինս դրանք ներմուծում է Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ։ Եվ քանի որ այդ ժամանակաշրջանում բոլոր դպրոցները գործում էին եկեղեցիներին կից, նոր ուսումնական տարին ևս սկսեցին նշել սեպտեմբերի մեկին: