Ադրբեջանը փորձում է իր «Կարմիր մահիկի» միջոցով Արցախից դուրս մղել «Կարմիր խաչի» գրասենյակը․ ԱՀ ԱԺ նախագահ

Վերջին շաբաթներին իշխանությունների քննարկումները հանգել են միայն այն փաստին, որ Աղդամի ճանապարհի գործարկումն անընդունելի է մի շարք պատճառներով։ Այս մասին հայտարարեց ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը՝ այսօր՝ օգոստոսի 30-ի ասուլիսում, նշելով․ «Մեկը այն է, որ իբրև միջանցք մենք ունենք մեկ ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք ու անխափան երթևեկը այդ ճանապարով պետք է վերականգնվի, դա ամրագրված է նաև 2020 թ–ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով»։

Իշխանյանի խոսքով. «Աղդամի ճանապարհով փորձելով հումանիտար բեռ հասցնել Արցախ` Ադրբեջանը հերթական սադրիչ քայլն է անում և փորձում է աշխարհին ցույց տալ, որ իբրև իրենք ամեն ինչ անում են՝ Արցախի ժողովրդի կարիքները ապահովելու համար»։

Նա նաև նշել է, թե կա ևս մեկ նրբություն. «Ադրբեջանը փորձում է իր «Կարմիր մահիկի» միջոցով Արցախից դուրս մղել «Կարմիր խաչի» գրասենյակը, իսկ միջազգային այդ կառույցի ներկայությունը մեզ համար առավելություն է»։