Սերժ Սարգսյանի հարցաքննությունն ավարտվեց. հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 24-ին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ օգոստոսի 10-ին տեղի ունեցավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նշենք, որ այժմ գործով ամբաստանյալների հարցաքննության փուլն է: Նախորդ նիստին հարցաքննվել է «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:

Այսօրվա դատական նիստին ցուցմունք էր տալիս Սերժ Սարգսյանը:

Ս․ Սարգսյանի հարցաքնությամբ ավարտվեց գործով ապացույցների հետազոտման փուլը: Հաջորդն արդեն միջնորդություններ ներկայացնելու և  դատական վիճաբանությունների փուլն է:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 24-ին՝ ժամը 14:00-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպանները այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։