Պուտինը Թուրքիա գնալուց առաջ թող հիշի, որ Անկարայում սպանեցին Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին

Օգոստոսի 2-ին Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, մասնավորապես, պայմանավորվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի մասին: Օգոստոսի 4-ին հայտնի դարձավ, որ Անկարան ակնկալում օգոստոսին Ռուսաստանի նախագահի այցը Թուրքիա: Այցը հավանաբար կկայանա օգոստոսի վերջին:

Չեմ ողջունում ՌԴ նախագահի այցը ոչ միայն Հայաստանին, իրականում նաև Ռուսաստանին թշնամի պետություն, բայց որ խոստացել և որոշել է գնալ, բարի ճանապարհ ու բարի վերադարձ, Աստված պահապան Ռուսաստանի առաջնորդին: Միայն թե գնալուց առաջ թող հիշի, որ Թուրքիան այն պետությունն է, որի մայրաքաղաք Անկարայում ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշը 2016թ. դեկտեմբերի 19- ին գնդակահարեց Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին…

Ճիշտ է, դրանից հետո Էրդողանը, նրա իշխանությունը հայտարարել են, որ կատարվածի հետ որևէ կապ չունեն: Թուրքիայի Գերագույն վճռաբեկ դատարանը, իր հերթին, հայտարարել է, որ Ֆեթուլլահ Գյուլենի (խոսքն ԱՄՆ- ում բնակվող, նրա հատուկ ծառայությունների կողմից ուղղորդվող թուրք ընդդիմադիր քաղաքական գործչի մասին է) FETÖ կազմակերպության անդամները մտադիր էին Կառլովի սպանությամբ պատերազմ հրահրել Անկարայի և Մոսկվայի միջև:

«Նրանք մտադիր էին Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները հասցնել պատերազմի մակարդակի, ստեղծել քաոս և ճանապարհ հարթել 2016 թվականի հուլիսի 15-ի փորձից հետո նոր հեղաշրջման փորձի համար»,- այս տարվա հունիսին գրել է թուրքական «Sabah» թերթը։

Բնականաբար, հարց է առաջանում՝  ԱՄՆ- ի հատուկ ծառայություններին ի՞նչն է խանգարում հիմա էլ մեկ այլ թուրք ոստիկանի կամ հատուկ ծառայության աշխատակցի միջոցով սպանել Պուտինին, համենայն դեպս, փորձել դա… Ամերիկացիները խոշոր շահումների խելագար են, և այս դեպքում դա նրանց հենց խոշոր շահումը կլինի… Ահաբեկչին էլ մեկ ուրիշը կարող է շատ արագ սպանել՝ հետքը կորցնելու համար:

Չեմ պնդում, որ Պուտինի նկատմամբ ահաբեկչություն կլինի, ընդամենը նշում եմ, որ կա այդ վտանգը, հետևաբար Թուրքիա այցելությունից պետք է հրաժարվել: Ճիշտ է, ենթադրելի է, որ Թուրքիայում ՌԴ նախագահի անվտանգությունն իր իսկ անվտանգության ծառայության կողմից շատ բարձր մակարդակով ապահովված է լինելու, բայց չպետք է թերագնահատել ԱՄՆ- ի, ինչու ոչ, նաև Մեծ Բրիտանիայի, Իսրայելի հատուկ ծառայությունների հնարավորությունները, եթե նպատակադրված լինեն Պուտինի նկատմամբ ահաբեկչություև իրականացնել:

Թուրքիա մեկնելուց առաջ Պուտինը թող հիշի նաև ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) կողմից Թուրքիայից Ռուսաստան ուղևորված բեռնանավերում հզոր պայթուցիկի հետքերի հայտնաբերման մասին: ԱԴԾ-ն հուլիսի 24- ին հայտնել է Թուրքիայից հացահատիկ տեղափոխելու նպատակով Կերչի նեղուցով Դոնի Ռոստովի նավահանգիստ ուղևորվող բեռնանավում հուլիսի 22- ին պայթուցիկի հետքերի հայտնաբերման մասին: Հետաքննության տվյալներով՝ մայիսին նավը մտել է ուկրաինական «Կիլիա» նավահանգիստ՝ հացահատիկ տեղափոխելու նպատակով, իսկ հուլիսին արդեն Թուրքիայում նավի անունը փոխել են, «Թուզլա» նավահանգստում ամբողջությամբ  փոխել են նաև մինչ այդ Ուկրաինայի 12 քաղաքացիներից բաղկացած նավի անձնակազմին։

Բացի վերոնշյալից, մասնագետները կողմնակի միջամտության նշաններ են գտել նավի կառուցվածքային մասերում: Այսինքն՝ թաքստոցներ են պատրաստված եղել, և ավելի վաղ Ուկրաինայից հացահատիկ տեղափոխելու նպատակով Թուրքիայից դուրս եկած բեռնանավն այնտեղ է հասցրած եղել հարյուրավոր կամ հազարավոր տոննաների հասնող պայթուցիկներ՝ դինիտրոտոլուոլ և տրոտիլ:

Վերոնշյալ դեպքից ընդամենը 2 օր հետո ԱԴԾ-ն դարձյալ դինիտրոտոլուոլ և տրոտիլ պայթուցիկների հետքեր է հայտնաբերել մեկ այլ՝ WMO RIVER բեռնանավի վրա, որը Թուրքիայից ուղևորվելիս է եղել Դոնի Ռոստով՝ այնտեղից հացահատիկ տեղափոխելու համար:

«Ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների կանխման, ծովագնացության անվտանգության ապահովման Ռուսաստանի ԱԴԾ- ի աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է հերթական օտարերկրյա քաղաքացիական նավը, որը նախկինում կարող էր օգտագործվել Ուկրաինայի տարածք պայթուցիկ նյութեր հասցնելու համար»,- նշել են ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնում:

ԱԴԾ-ն տեղեկացրել է նաև, որ հունիսին և հուլիսին վերոնշյալ նավը երկու անգամ մտել է Օդեսայի մարզի «Ռենի» ուկրաինական նավահանգիստ: Որոշում է կայացվել արգելել նավի անցումը Ղրիմի կամրջի տակով՝ «Ռուսաստանի Դաշնության տարածքային ծովի սահմաններից դրա դուրսբերման հեռանկարով»։

Ռուս վերլուծաբաններից մեկը կատարվածն արդեն գնահատել էր որպես Թուրքիայի կողմից դաշույնի հարված Ռուսաստանի թիկունքին: Հացահատիկի գործարքից Թուրքիան ոչ միայն խոշոր ֆինանսական օգուտներ է ատացել, այլև հացահատիկի տեղափոխման նպատակով Ուկրաինա մեկնած քաղաքացիական բեռնանավերով գաղտնի կերպով այնտեղ է հասցրել պայթուցիկներ, հնարավոր է նաև զենքեր: Ահա թե ինչու են Էրդողանը, ԱՄՆ- ը և Արևմուտքն այնքան շատ շահագրգռված, որ ՌԴ- ի կողմից դադարեցված գործարքը շարունակվի: Անկարայում Պուտինի հետ բանակցությունների ընթացքում Էրդողանը փորձելու է հասնել դրան:

Հատուկ ռազմական գործողության սկսումից ի վեր, Պուտինը, ՀԱՊԿ անդամ մի քանի երկրներից բացի, որքան հիշում ենք, այցելել է միայն Չինաստան և Իրան:

Արթուր Հովհաննիսյան