Պայթյուն՝ Մոսկվայի մարզի օպտիկամեխանիկական գործարանում․ տուժել է 52 մարդ

Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադ քաղաքում գտնվող ձեռնարկությունում պայթյուն է որոտացել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։

«Պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադում գտնվող օպտիկամեխանիկական գործարանում», – ասել է գործակալության զրուցակիցը։

Մոսկվայի Մարզի Սերգիև Պոսադ քաղաքի օպտիկամեխանիկական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 52 մարդ է տուժել։ Վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 6 մարդ, որոնցից 5-ն ունի մարմնի գրեթե 100 % այրվածքներ։

Պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով առավոտյան 10:40-ին։ Մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովի տվյալներով՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել հրատեխնիկայի պահեստում, որը վարձակալել է մասնավոր ընկերությունը Զագորսկի օպտիկամեխանիկական գործարանի տարածքում։

Մերձակայքում գտնվող մարզական համալիրում և 20 բազմաբնակարան շենքերում, 2 դպրոցներում ու քոլեջում պատուհանները կոտրվել են, վնասվել է կաթսայատունը, դադարեցվել է սպառողների տաք ջրի մատակարարումը։ 50 քառ. մ մակերեսով բռնկված հրդեհը չեզոքացվել է։