Ռուսական խաղաղապահների նկատմամբ ցանկացած սադրանք չկանխելու, թույլ տալու թիվ 1 պատասխանատուն ու պատժվողը լինելու է Արայիկ Հարությունյանը

Ժամանակին արված զգուշացում

Երեկ հայտնի դարձավ, որ ռուսական խաղաղապահները հրաժարվել են ուղեկցել Արցախից խաղաղ բնակիչների ավտոերթը դեպի Հակարիի կամուրջ: Եվ ճի՛շտ են արել: Գնում էին, որ ի՞նչ…

Թե Արցախում, թե Բերձորի (Լաչինի) միջանցքում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը խաղաղության պահպանումն է, ներառյալ՝ կողմերի միջև հակամարտություն, բախում թույլ չտալը, կանխելը, և նրանք պարզապես կատարել են իրենց առաքելությունը, իրենց հրամանը: Բացի այդ, հասկացել են, որ ինչ- որ անձինք, ինչ- որ ուժեր իրենց ուզում են ներքաշել ադրբեջանցիների, այդ թվում՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայության, զինված ուժերի հետ բախման մեջ, հետևաբար հրաժարվել են դրանից:

Միայն ծայրաստիճան տխմարները կարող են մտածել, որ հասնելով Բերձորի (Լաչինի) միջանցքն արգելափակած ադրբեջանցիներին, խաղաղ բնակիչները կարող են նրանց համոզել կամ ստիպել հեռանալ այդտեղից և բացել Բերձորի (Լաչինի) միջանցքը: Ընդ որում, խնդիրն այն չէ, որ լինելու է անխուսափելի բախում, խնդիրը դրա արդյունքն է:

Եթե բախման, հնարավոր է նաև զոհերի կյանքի գնով հաջողվելու է բացել միջանցքը, արժե գնալ այդ քայլին՝ Արցախի բնակչությանը սովահարությունից, դեղորայքի և համապատասխան բուժօգնության բացակայության հետևանքով ավելի մեծաթիվ զոհերից փրկելու համար:

Իսկ հաջողվելո՞ւ է… Ո՛չ, որովհետև եթե քանակական գերազանցությունից օգտվելով և ուժ գործադրելով, Արցախի բնակիչներին հաջողվի Հակարիի կամրջից քշել ադրբեջանցիներին, գործի է անցնելու մոտերքում գտնվող ու ճանապարհը մշտադիտարկող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը, ինչի արդյունքում Հակարիի կամուրջն ադրբեջանցիներից ազատագրելու, Բերձորի (Լաչինի) միջանցքը բացելու գնացած արցախցիները մեծաթիվ զոհեր տալով, խայտառակ կերպով փախչելու են: Արդյունքում՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը Հակարիի կամրջից դարձյալ մնալու է արգելափակված, Ադրբեջանն էլ դրանից հետո միջանցքի շրջափակումն ավելի մեծաթիվ խմբով է իրականացնելու:

Ավելին. Արցախի բնակիչներն իրենց այս արարքով եթե նույնիսկ չսադրեն Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա, ռուսական խաղաղապահների ուղեկցության դեպքում սադրելու են ադրբեջանցիների հետ նրանց բախումը, ապա և ՌԴ- ի ներքաշումը ադրբեջանա- թուրքական տանդեմի դեմ պատերազմի մեջ, այսինքն՝ Ռուսաստանի համար մեր տարածաշրջանում երկրորդ ճակատի բացումը:

Վերը շարադրվածը նկատի ունենալով, կարող ենք եզրակացնել, որ վերոնշյալ ավտոերթի եթե ոչ մասնակիցների, ապա կազմակերպիչների իրական նպատակը Բերձորի (Լաչինի) միջանցքը բացելը չէ, այլ ռուսական խաղաղապահ զորակազմին վարկաբեկելը, թե, տեսեք, ուզում էինք գնալ Հակարիի կամուրջ, ռուսական խաղաղապահները չթողեցին:

Շատ հնարավոր է, որ նրանց մերժումը ստանալուց հետո, ավտոերթի կազմակերպիչները փորձեն առանց ռուսական խաղաղապահների ուղեկցության գնալ Հակարիի կամուրջ (այդ նպատակով Ստեփանակերտի հրապարակներից մեկում դեռ անցյալ շաբաթվանից կենտրոնացվել են մոտ մեկուկես տասնյակի չափ ավտոբուսներ), և հանդիպելով կողմերի միջև բախում թույլ չտալու իրենց առաքելությունն իրականացնող խաղաղապահների դիմադրությանը, կամ նրանց հետ բախում սադրեն, կամ վերադառնան և սկսեն ռուսական խաղաղապահ զորակազմի դեմ վարկաբեկիչ ու լկտի քարոզարշավ՝ բա թե ուզում էինք, թեկուզ առանց իրենց ուղեկցության, գնալ, բացել միջանցքը, չթողեցին, իրենք ադրբեջանցիների կողմն են:

Թերևս սխալված չենք լինի, եթե եզրակացնենք, որ Արցախում Նիկոլի և Արևմուտքի կողմից ուղղորդվող որոշ անձանց, ուժերի վերջնական նպատակն այդպիսով իրավիճակն այն աստիճան լարելն է, ռուսական խաղաղապահ զորակազմին և ՌԴ-ին այն աստիճան զզվեցնելը և բարկացնելը, որ Բերձորի (Լաչինի) միջանցքից և Արցախից հիշյալ զորակազմին հետ կանչելու որոշում կայացվի, ինչից հետո Արցախն արծաթյա սկուտեղի վրա կմատուցվի Ադրբեջանին: Եթե վերոնշյալ սցենարն իրականանա, ապա դրա թիվ 1 պատասխանատուն և պատժի ենթական լինելու է Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը: Իրադարձությունների նշված զարգացումը չկանխելու համար, պատժից չեն խուսափելու նաև Արցախի գլխավոր դատախազը, ԱԱԾ- ի և ոստիկանության ղեկավարները:

Ինչպես արդեն հայտնի է, երեկ էլ Հայաստանում «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանն է ֆեյսբուքյան ուղիղ եթերով բոլոր հրամանատարներին կոչ արել միավորվել, և հայտարարել է, որ այսօր ժամը 13։00-ին Հանրապետության հրապարակում նախատեսվում է հավաք։

«Հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, որ այս բոլոր հարցերին արդեն լուծում տանք,- ասել է «Խաչակիրներ» ջոկատի հրամանատարը:- Ես մի քանի տարի, մի 2- 3 տարի առաջ էլ ասացի, որ չի կարելի մարդուն լիարժեք հունից հանել։ Էսօր ինչի համար ենք մենք՝ կռվող տղերքով, արդեն հունից ելել, որովհետև տեսնում ենք Արցախում ինչ է կատարվում. սով, լույս չկա, գազ չկա, անգամ արդեն ջուր չկա։ Ամեն օր խնդիրը արդեն շատանում ա: Եվ չգիտենք՝ էդ 120 000 մեր հայերի հետ ինչ են պատրաստվում անեն։ Ես չգիտեմ՝ ցեղասպանությո՞ւն… Եվ շատ կարճ ժամանակ ա մնացել դրան: Դե սովից սաղ մեռնեն, որ ըստեղի ու ընտեղի մեր թշնամիները ուրախանան»։

Պողոսյանն ասել է նաև, որ գնալու են մինչև վերջ:

«Կապ չունի, որ դիրքերում չենք, սա արդեն ինձ համար դարձել է դիրք և թող բոլորիս համար դառնա դիրք,- ասել է նա:- Նահանջ չի լինելու, միայն առաջ և մինչև վերջ առաջ»:

Դե, իհարկե, զգացմունքային, նաև հայրենասիրական ելույթ է, համենայն դեպս, առաջին հայացքից… Այնուհանդերձ, ընթերցողներին կոչ ենք անում ողջամիտ լինել ու չտրվել ավելորդ զգացմունքայնության, չդառնալ սեփական զգացմունքների գերին կամ նույնիսկ զոհը:

Նախ, երբ Պողոսյանը հայտարարում է, թե «Հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, որ այս բոլոր հարցերին արդեն լուծում տանք», չգիտենք, այս բոլոր հարցերի մեջ արդյոք մտնո՞ւմ է Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլին ու նրա ՔՊ- ական, սորոսական հանցախմբին իշխանությունից հեռացնելը: Եթե այո, ապա աջակցությունս հիշյալ ջոկատի հրամանատարին, իսկ եթե ոչ, ապա այս բոլոր հարցերին արդեն լուծում տալու հայտարարությունը ճոռոմ բաժակաճառից շատ չի տարբերվում:

Երկրորդ. բարի խորհուրդս Պողոսյանին. հունից դուրս գալով, հարց կամ հարցեր չեն լուծում, սայթաքում են, որից օգտվում են ներքին և արտաքին թշնամիները, ավելին՝ սայթաքում են նաև նրանք, ովքեր գնում են սայթաքողի ետևից: Հետևաբար հունից դուրս գալ պետք չէ, որքան էլ, հասկանալի է, դժվար է, պետք է գործել սառնասրտորեն ու խելամտորեն:

Երրորդ. ի՞նչ է նշանակում՝ «Եվ չգիտենք՝ այդ 120 000 հայերի հետ ինչ են պատրաստվում անեն»… Արցախում բնակվող հայերին փրկելու մտադրություն հայտնողին, այդպիսի կոչ անողին մինչև հիմա պարզ չէ՞, թե այդ 120 000 հայերի հետ Ադրբեջանն ինչ է պատրաստվում անել…

Չորրորդ. միանգամայն ճիշտ ներկայացնելով Արցախում առկա ծանր և օրեցօր ահագնացող վիճակը, «Խաչակիրներ» ջոկատի հրամանատարն անգամ մի քանի բառով չներկայացրեց, թե ինչ է պատրաստվում անել կամ ինչ է առաջարկում անել Ադրբեջանի արգելափակած Բերձորի (Լաչինի) միջանցքը բացելու համար, իսկ երբ այդ կապակցությամբ որևէ հստակ, որոշակի բան չհայտնեց, չպետք է նաև ակնկալեր, որ իր ուզած միավորումը լինելու է: Հետևաբար այդ պայմաններում արդար չէ, նաև բարոյական չէ հաթաթաներ տալը՝ քրիստոնյա չեմ համարի, հայ չեմ համարի… Պատահական չէ, որ Հանրապետության հրապարակում շատ մարդ չի հավաքվել, ժամը 16:00-ի դրությամբ դեռ ընդամենը մոտ 200 հոգի:

Բազմաթիվ ճիշտ բաների, ճիշտ շեշտադրումների հետ միաժամանակ, Պողոսյանը, ցավոք, խոշոր ու վտանգավոր սխալ թույլ տվեց՝ բառացի ասելով հետևյալը. «Հիմա արդեն սկսվում ա քրիստոնեական և մուսուլմական պատերազմը, այսինքն՝ մենք կկոտորվենք մինչև վերջ լիարժեք»:

Ի՞նչ քրիստոնեական և մուսուլմանական պատերազմ… Իրանը և իրանցինե՞րն էլ են մեր դեմ պատերազմելու, պարսիկները և արաբնե՞րն էլ են մեր թշնամիները, բա կարելի՞ է նեղացնել իրանցիներին, ուրանալ բարեկամ երկրի՝ Իրանի բազմաբնույթ օգնությունը մեզ, որն ակնկալում ենք նաև առաջիկայում, նախկինի համեմատ առավել դժվարին այն ժամանակներում, որ դեռ գալու են:

Մեր դեմ Ադրբեջանի և Թուրքիայի չհայտարարված և այս պահի դրությամբ հիբրիդային պատերազմը, եթե անգամ ունի կրոնական բաղադրիչ, առաջին հերթին, ազգային հողի վրա, այսինքն՝ մեր հայ լինելու և իրենց պանթուրքական ծրագրի իրականացման ճանապարհին խոչընդոտ լինելու համար, մեզանից նորանոր տարածքներ զավթելու, իսկ եթե հնարավոր է, ողջ Արցախը և Հայաստանը կլանելու համար է: Չգիտակցել այսքանը՝ նշանակում է անլուրջ լինել, իսկ անլուրջ մարդու տպավորություն թողնողի շուրջ չեն համախմբվում: Դա սոսկ իմ կարծիքը չէ, դա կյանքի չգրված օրենքներից է:

 Արթուր Հովհաննիսյան