Ձեր մասին եմ մտածում, սաղություն լինի, կգամ․ Վագիֆ Խաչատրյանը երկտող է փոխանցել ընտանիքին

Օգոստոսի 5-ին Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին:

Այս մասին տեղեկացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին՝ նշելով, որ Կարմիր խաչի միջոցով Վագիֆ Խաչատրյանը երկտող է փոխանցել ընտանիքին։

Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը 24News-ի հետ զրույցում պատմել է երկտողի բովանդակությունը։

Երկտողի մեջ առևանգված Վագիֆ Խաչատրյանը գրել է. «Ձեր մասին եմ մտածում, սաղություն լինի, կգամ»,- փոխանցել է դուստրը: Նրա խոսքով, ըստ Կարմիր խաչի՝ Վագիֆ Խաչատրյանն այս պահին ձերբակալվածների պահման վայրում է գտնվում. «Իրենց ասելով, դեղեր է խմում, բայց դեղեր խմելով էդ հիվանդությունը չի բուժվի, եթե լիներ՝ ինքն իր տանը, կմնար, կբուժվեր»,- ասաց դուստրը:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական անցակետից առևանգել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ով վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան էր տեղափոխվում։