Փաշինյանի «ուղեղին» կհասնի՞ Սերժ Սարգսյանի խոսքը

20․07․2023 թ․ Կառավարության նիստին Փաշինյանը հայտարարեց․«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի պայմաններում հուլիսի 15-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում ունեցա Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ: Այդ հանդիպումը, ցավոք, Լաչինի միջանցքի բացման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց: Բրյուսելի հանդիպումից, ինչպես տեսնում եք, շատ կոնկրետ արդյունքներ չեմ կարող ներկայացնել»։

Այստեղ Փաշինյանն ինքնախոստովանում է, որ իրենց չի հաջողվում բանակցել, գրեթե 8 ամիս է՝ Արցախի Հանրապետությունը շրջափակման մեջ է, սակայն նրանք անգամ հումանիտար բեռները չեն կարողանում հասցնել Արցախ, որոնք արդեն մի քանի օր է` գտնվում են Կոռնիձորում, դե պատկերացրեք ինչպես իրենց կդրսևորեն բանակցությունների սեղանին՝ Ադրբեջանի բռնապետի հետ տետ-ա-տետ հանդիպման ժամանակ, չնայած ինչ պատկերացնել, բոլորիս համար էլ դա պարզ է՝ հաշվի առնելով սահմանների օրըստօրե փոքրացումը։

2020 թ մայիսի 6-ին Փաշինյանն ասում էր «Թող մեզ ոչ ոք չասի՝ ինչ եք բանակցում, ինչ պետք է, դա էլ բանակցում ենք»։ Այստեղ երկու տարբերակ կա՝ կամ իրենց իսկապես չի հաջողվում բանակցել, կամ էլ՝ շատ լավ է հաջողվում։ Խնդիրն այն է, թե «Ինչ պետք է, դա էլ բանակցում ենք» նախադասության տակ ինչ մեսիջ է թաքնված, միգուցե ինչ ուզեցին, այն էլ բանակցեցի՞ն, այսինքն՝ Արցախի Հանրապետությունից վերջնականապես հրաժարվեցին։

«Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսելով Արցախյան հիմնախնդրի բանակցային փուլի մասին՝ շեշտեց․ «Ես ասել եմ, հիմա էլ   կրկնում եմ՝բանակցողը պիտի փոխվի, անասելի դժվար կլինի, բայց հնարավոր է իրավիճակ փոխել»։

Ժողովրդական խոսքն ասում է՝ ասողին լսող է պետք։ Հիմա եթե գործող վարչախումբը ականջալուր լինի երրորդ նախագահի վերոնշյալ հայտարարությանը, և բանակցողը փոխվի, միգուցե կարողանանք այս արհավիրքից դուրս գալ, քանի դեռ հայկական Արցախը և Հայաստանը վերջնականապես չեն հայտնվել թշնամու լիակատար վերահսկողության ներքո, չնայած, այդ վերահաս վտանգից հինգ է պակաս։

Լուսինե Այրապետյան