Ադրբեջանական տելեգրամ-ալիքները տարածել են Հակարի կամրջից առևանգված 68-ամյա արցախցու լուսանկարը

Ադրբեջանական տելեգրամ-ալիքները տարածել են այսօր Հակարի կամրջից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի լուսանկարը։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնել էր, որ  այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել ԱՀ  68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ գրել էր, որ հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ, և այս պահին նրա ճակատագիրը անհայտ է։

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի ձերբակալության մասին՝ նշելով, թե, իբր, «Ադրբեջանը 2013 թվականի նոյեմբերի 12-ին միջազգային հետախուզում է հայտարարել Խաչատուրյանի նկատմամբ, դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա իբր մեղադրվում է 1991 թվականին  «հանցավոր խումբ ստեղծելու» և Խոջալուի գործողություններին մասնակցելու մեջ:

ՀՀ ՄԻՊ-ն առևանգված 68-ամյա արցախցու հարցով կդիմի միջազգային կազմակերպություններին։