Գանձայում նշվել է «Տերյանական պոեզիա»-ի օրը

Հուլիսի 23-ին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում հանդիսավորությամբ նշվել է «Տերյանական պոեզիայի» օրը։ Jnews.ge-ի տեղեկացմամբ, այս տոնը նշվում է արդեն 56-րդ անգամ:

Հայ մեծ քնարերգու, բանաստեղծ Վահան Տերյանին նվիրված տոնը նշելու եկել էին ոչ միայն Նինոծմինդայից և Ախալքալաքից, այլ նաև Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանի այլ քաղաքներից: Մինչ համերգային մասի մեկնարկը, հյուրերն այցելել են հայ մեծ գրող Վահան Տերյանի տուն-թանգարան և տուն-թանգարանի ցուցասրահ, որը վերանորոգվել է 2021 թվականին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից։ Այնուհետև Սուրբ պատարագ է մատուցվել Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում, որից հետո էլ սկսվել է համերգային մասը:

«Ավանդական օր է սա: Պոեզիայի օրն է, և հիմնական շեշտը դրվում է Տերյանի ստեղծագործությունների վրա, որոնք արտասանվում են, որոնք երգվում են, որոնք թարգմանված են տարբեր լեզուներով: Այս բեմում հնչում են այդ ստեղծագործությունները: Ունենք բազմաթիվ հյուրեր ինչպես մեր երկրից, այնպես էլ Հայաստանից: Մինչև երեկո կշարունակվի միջոցառումը», – ասել է Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը: