Ռուսաստանի կողմից պատասխան՝ անշուշտ կլինի. Պուտինը՝ Ղրիմի կամրջի պայթյունի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը, անշուշտ, կպատասխանի Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությանը: Նա հավելել է, որ այս պահին պաշտպանության նախարարությունը համապատասխան առաջարկներ է պատրաստում։ Տեղեկացնում է kommersant.ru-ն:

«Ռուսաստանի կողմից պատասխան, իհարկե, կլինի։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան առաջարկներ է պատրաստում»,-ասել է ՌԴ նախագահը:

Նա Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպն անվանել է Կիևի ռեժիմի հերթական ահաբեկչությունը:

«Եզրափակելով՝ ես ուզում կրկնել, որ տեղի ունեցածը Կիևի ռեժիմի հերթական ահաբեկչական գործողությունն է»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Անվտանգության դաշնային ծառայությունը, Քննչական կոմիտեն և մի շարք այլ գերատեսչություններ պետք է մանրամասն ուսումնասիրեն Ղրիմի կամրջի վրա կատարվածը։

«ԱԴԾ-ին, Քննչական կոմիտեին և մի շարք այլ գերատեսչությունների հանձնարարվել է մանրամասն ուսումնասիրել միջադեպը, ես կասկած չունեմ, որ բոլոր հանգամանքները կպարզվեն»,- ասել է Պուտինը։

Նշենք, որ Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ Կիևը երկուշաբթի գիշերը  երկու վերգետնյա անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն է իրականացրել Ղրիմի կամրջի վրա, վնասվել է կամրջի ճանապարհային բաղադրիչը, երկու չափահաս զոհվել է, մեկ երեխա՝ վիրավորվել։