Արայիկ Հարությունյանը ԱԽ նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի լիակատար շրջափակման խորացող հետևանքների հաղթահարման ուղղությամբ կատարվող քայլերը: Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով Հանրապետությունում վատթարացող հումանիտար ճգնաժամի մասին զեկուցել է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ արտաքին քաղաքական դաշտում իրականացվող ջանքերը և Արցախ-Հայաստան միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ տարբեր միջազգային կառույցներից ու պետություններից հնչող կոչերը դրական արդյունք չեն տվել ոչ միայն Արցախի շրջափակումը ճեղքելու, այլև Ադրբեջանի նկրտումները զսպելու հարցում, ինչն ավելի ակտիվ և հասցեական աշխատելու հրամայական է առաջադրում:

Ելնելով իրավիճակից՝ Նախագահ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ Հանրապետության կենսագործունեության ապահովման նպատակով առկա ռեսուրսների վերաբաշխման, ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: