Վրացական Georgian Airways ավիաընկերությունը և նրա տնօրենը հայտնվել են ուկրաինական պատժամիջոցների տակ

Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառել վրացական Georgian Airways ավիաընկերության և նրա տնօրեն Թամազ Գաիաշվիլու դեմ: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու համապատասխան հրամանագիրն արդեն ուժի մեջ է։

Հրամանագրի համաձայն՝ Georgian Airways-ը 10 տարի չի կարողանա տնօրինել ակտիվները, իրականացնել առևտրային գործողություններ, թռիչքներ, այդ թվում՝ տարանցիկ, Ուկրաինայի տարածքով և կապիտալ արտահանել երկրից։

Բացի դրանից՝ չեղարկվել են ավիաընկերության բոլոր արտոնագրերը, արգելվում է գնումներ կատարել և մասնակցել սեփականաշնորհմանը, ինչպես նաև օգտագործել ուկրաինական տեխնոլոգիաները և Ուկրաինայի մտավոր սեփականությունը։

Թամազ Գաիաշվիլու նկատմամբ պատժամիջոցները, ներառյալ առևտրային գործունեության արգելքը, ակտիվների արգելափակումը, նույնպես կգործեն 10 տարի։

Ուկրաինայի պատժամիջոցների մասին սկսել են խոսել, երբ վրացական միակ ավիաընկերությունը՝ Georgian Airways-ը, սկսեց թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան։

Վրացական ավիաընկերության հիմնադիր Թամազ Գաիաշվիլին հայտարարել է, որ իրեն չեն հետաքրքրում իր և իր ձեռնարկության դեմ Ուկրաինայի նախագահի սահմանված պատժամիջոցները։