Կմեկնարկի Երևանի 3 վարչական շրջաններն իրար կապող այլընտրանքային 2 ճանապարհի կառուցումը

Երևանի քաղաքապետարանը հայտնում է․

«Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով համայնքն այսօր մի շարք նախագծեր է դիտարկում: Դրանցից երկուսն իրար կկապեն Նորք-Մարաշ, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջանները. ծրագրերը կմեկնարկեն այս տարի։

Մյասնիկյան պողոտան Գյուրջյան փողոցին կապող նոր ճանապարհը կունենա ավելի քան 2.3 կմ երկարություն և 9 մ լայնություն: Նոր ճանապարհի կարևոր հանգույցներից է էստակադայի կառուցումը:

Նախագծող թիմը խոստովանում է. առաջադրանքը բարդ է, կառույցը` պատասխանատու: Շուրջ 60մ երկարությամբ երկթռիչք էստակադան կունենա երկաթբետոնե կառուցվածք: Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհի երկայնքով նաև հենապատեր կկառուցվեն:

Հաջորդ ճանապարհն իրար կկապի Գարեգին Հովսեփյան փողոցն ու Սարալանջը: Դեռևս քարքարոտ ու անանցանելի այս հատվածը կդառնա 1.4 կմ երկարությամբ ու 7մ լայնությամբ ժամանակակից ճանապարհ:

Ընթացիկ տարում համայնքը նախատեսում է ևս մեկ էստակադայի ու 3 այլընտրանքային ճանապարհի կառուցում: Դրանք իրենց հերթին հնարավորություն կտան բեռնաթափել Աջափնյակ, Շենգավիթ և Դավթաշեն վարչական շրջանների երթևեկությունն ու հնարավորին խուսափել խցանումներից: