Պարոն Չալաբյանը թյուրիմացաբար է այս առաջարկը գնահատել որպես մերժում․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանն ի պատասխան «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի՝ լրագրողների հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարությունների՝ տարածել է հաղորդագրություն.

«Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարել է, թե «Երևանի վարչական շրջանների մի շարք ղեկավարներ, հղում անելով Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանին, հրաժարվել են տարածքներ տրամադրել ստորագրահավաքի անցկացման համար»:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մայրաքաղաքի Ավան, Նոր Նորք, Կենտրոն, Նուբարաշեն և Աջափնյակ վարչական շրջաններին: Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ պարոն Չալաբյանի պնդումը փաստերի խեղաթյուրում է, քանի որ վարչական շրջանների ներկայացուցիչները ոչ թե հրաժարվել են նախաձեռնությանը տարածքներ տրամադրել, այլ, մատնանշելով իրավասությունների տարանջատումը, առաջարկել են դիմել Երևանի քաղաքապետարան՝ համապատասխան թույտվություն ստանալու խնդրանքով:

Վստահ ենք, որ պարոն Չալաբյանը թյուրիմացաբար է այս առաջարկը գնահատել որպես մերժում»,- նշված է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության հաղորդագրության մեջ։