Քաղաքապետարանը տարածքներ չի տրամադրում «Հայաքվեին»՝ ստորագրահավաքի համար

Հունիսի 20-ին ԿԸՀ-ն գրանցել է «Հայաքվեի» նախաձեռնությունը՝ տալով նրան իրավականորեն պարտադիր բնույթ, սակայն գործող վարչակազմը հերթական անգամ որոշել է ի ցույց դնել իր անօրեն բնույթը՝ փորձելով այժմ էլ խափանել ժողովրդի հիմնարար իրավունքը՝ հանրաքվեի միջոցով իրացնելու իր իշխանությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Մասնավորապես, Երևանի վարչական շրջանների մի շարք ղեակավարներ հղում անելով Երեւանի քաղաքապետի ապօրինի պաշտոնակատար ոմն Լևոն Հովհաննիսյանին, իրենց պաշտոնական նամակներով անցած շաբաթվա ընթացքում հրաժարվել են տարածքներ տրամադրել ստորագրահավաքի համար: Թեեւ դա «Հանրաքվեի մասին» օրենքի իմպերատիվ պահանջ է եւ իրենց սահմանադրական պարտականությունն է»,- ասաց Չալաբյանը։

«Հայաքվե» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը հայտնեց, թե որ թաղապետարններն են հրաժարվել տարածք տրամադրել իրենց՝ ստորագրահավաքի համար և ինչ իրավական գործընթաց է սկսվել։

«Որոշ վարչական շրջանների ղեկավարներ պատասխանել են, որ իրենք ազատ տարածքներ չունեն, իսկ որոշներն էլ պատասխանել են, որ Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունից ստացել են գրավոր ցուցում, այն է, որ 2022 թվականի ավագանու ինչ-որ որոշման հիման վրա, իրենք չեն կարող տարածք տրամադրել։ Մեր նախաձեռնությանը մերժել են Ավան, Նոր Նորք, Կենտրոն, Նուբարաշեն, Աջափնյակ վարչական շրջանները», – նշեց նա։