«Վագների» գործողությունները «կեղտոտ դավաճանություն» է, զինված խռովությունը պետք է ճնշել․Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «կեղտոտ դավաճանություն» է անվանել Պրիգոժինի «Վագների» գործողություններն ու ասել, որ զինված խռովությունը պետք է ճնշել ամենակտրուկ գործողություններով։

«Այն ամենը, ինչ տեղի է ունենում, հարված է մեջքին և իրական ռազմական ապստամբություն:

Տեղի ունեցածը վերջնագիր չէ Պաշտպանության նախարարությանը։ Սա մարտահրավեր է պետությանը, և այդ մարտահրավերի դեմ բոլորը պետք է համախմբվեն ազգային առաջնորդի շուրջ՝ զինվորականներ, ուժայիններ, մարզպետներ, քաղաքացիական բնակչություն։

Չեչենական ուժերն արդեն մեկնել են լարվածության շրջան»,-նշել է նա իր տելեգրամյան ալիքում։

Հիշեցնենք, որ «Վագներ» ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը մեղադրանքներ է հնչեցրել ՌԴ ռազմական ղեկավարության հասցեին ու երկրում զինված ապստամբության կոչ արել։ Նա հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դիտավորյալ ժամանել է Ռոստով՝ «Վագների» ոչնչացման հատուկ գործողություն իրականացնելու նպատակով։

Դրանից հետո ՌԴ ՊՆը հայտնել է, որ Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու տեսաուղերձները «ՌԴ ՊՆի կողմից «Վագներ» թիկունքի ճամբարներին հարված հասցնելու» մասին, չեն համապատասխանում իրականությանն ու տեղեկատվական սադրանք են։