Արցախի ԱԺ հանձնաժողովում քննարկել են ավտոմեքենա վարելու իրավունքից զրկված անձանց համաներում հայտարարելու մասին նախագիծը

Հունիսի 23-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել է «Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը:

Նա նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց սոցիալական վիճակի բարելավմամբ:

Առաջարկվում է վարչական իրավախախտում կատարելու համար մինչև 2023 թվականի մայիսի 9-ը տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված անձանց ազատել վարչական տույժից:

Նախագծի ընդունման արդյունքում որակավորման քննությունները հանձնելուց հետո կվերականգնվի վերջիններիս վարելու իրավունքը:

Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից մշակված նախագիծը արժանացել է խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը: Այն առաջին ընթերցմամբ կներկայացվի ԱԺ առաջիկա հերթական նիստի քննարկմանը:

Օրակարգի 2-րդ հարցը ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր:  Օրինագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռնի ոստիկանության իրավասու ծառայողներին համապատասխան արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել անչափահասների և վերջիններիս ծնողների շրջանում:

Նախագիծը 3 կողմ ձայնով դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստի օրակարգում:

Հաջորդիվ քննարկվել է ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Նվեր Գասպարյանը:

Օրենքի ընդունումն անհրաժեշտ է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնող քաղաքացիների, ինչպես նաև ծառայողների և կենսաթոշակառուների առողջական վիճակի հետազոտման, բժշկական փորձաքննության, ինչպես նաև փորձաքննության ուղեգրման կարգերին առնչվող աշխատանքները կարգավորելու և համակարգելու նպատակով:

Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կներկայացվի խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը:

Զեկուցողները պարզաբանումներ են տվել պատգամավորների հարցադրումներին: