Ադրբեջանական գյուղում ոսկու հանքի դեմ բողոքողների ցույցերը բախումներով են ավարտվել. կա 6 ձերբակալված և 10 վիրավոր

Հայաստանին սահմանամերձ ադրբեջանական գյուղերից մեկում՝ Գետաբեկում (Սոյուդլու), բախումներ են եղել տեղացիների ու ոստիկանության միջև: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կա 6 ձերբակալված և 10 վիրավոր։

Գյուղում իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ոստիկանությունը ուժով ցրեց ոսկու հանքի շահագործման դեմ բողոքողների ցույցի մասնակիցներին: Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութերում երևում է, որ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառում ցույցերին մասնակից գյուղացիների նկատմամբ, իսկ գյուղացիները քար ու փայտ են շպրտում վահաններով ու սաղավարտներով հանդերձավորված ոստիկանների ուղղությամբ:
Գյուղացիները պնդում են, որ իրենց արոտավայրերը օգտագործվում են հանքարդյունաբերության նպատակով:
Տեղական իշխանությունները տարակուսած են՝ ինչու են գյուղացիները սկսել բողոքել հանքի շահագործումից 10 տարի անց, նրանք խոստացել են փորձաքննություն անցկացնել և արդյունքները ներկայացնել բնակիչներին:
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ ոսկու հանքը կապվում է Ադրբեջանի նախագահն Իլհամ Ալիևի տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ։