Գումար շորթելու հին խաբեությունը նոր թափ է ստանում. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է գումարներ շորթելու մի հին խաբեության մասին, որը նոր թափ է ստացել։ Նա այս մասին հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում` տեսանյութ հրապարակելով։

«Ձեր բարեկամներից մեկին, որը Հայաստանում չի, գտնում են «Ֆեյսբուքով» կամ «Ինստագրամով», նրա հաշվի «կլոնն են» սարքում, հետո էլ գիշերը գրում են, որ շտապ գումար է պետք։

Պատճառները տարբեր են։ Բնականաբար, մարդիկ փոխանցում են, հետո էլ այդ գումարը վերածվում է կրիպտո արժույթի ու կորում։

Ահռելի գումարներ են տանում, գրում են, որ շտապ բժշկի պետք է գնան, ստուգվեն ու նմանատիպ բաներ»,– ասում է Մարտիրոսյանը։
Նրա խոսքով` խնդիրը պարզ լուծում ունի` պետք է ուղղակի բացել հաշիվը, համոզվել, արդյոք իրենց քեռին է, հորեղբայրն է կամ մեկ այլ հարազատ ու բարեկամ, դրանից հետո միայն որոշել գումարը փոխանցել, թե ոչ։

Մեդիափորձագետը վստահեցնում է` նոր ստեղծված այդ «կլոն» օգտահաշիվները խաբեբաները մանրակրկիտ են սարքում։