«ՀայաՔվե»-ի անդամները առաջարկում են քրեականացնել ՀՀ-ի անունից Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը

«ՀայաՔվե» նախաձեռնող խմբի անդամները առաջարկում են քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը և Հայոց ցեղասպանությունը ժխտելը։ Այդ նպատակով  «ՀայաՔվե» նախաձեռնող խմբի անդամները դիմում են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը 10-օրյա ժամկետում պետք է արձագանքի։

«Հուսով ենք, որ արձագանքը կլինի դրական և դա մեզ հնարավորություն կտա անմիջապես սկսել ստորագրահավաքը և օրենսդրական նախաձեռնությունը Ազգային ժողով ներկայացնելու գործընթացը»,- ասաց նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ հանրաքվեի մասին օրենքի 13-րդ հոդվածը նախատեսում է, որ քաղաքացիական նախաձեռնության կարգով նախաձեռնող խումբը կարող է դիմում ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով և դրանով նախաձեռնել օրենսդրական նախագծի ներկայացում Ազգային ժողով։

«Այն իր մեջ ներառում է բավականին մեծ փաստաթղթերի փաթեթ։ Դիմումը, որը ստորագրված է նախաձեռնող խմբի անդամների կողմից և վավերացված է նոտարական կարգով, ներառում է  բուն օրենքի նախագիծը և նրա հիմնավորումները, ինչպես նաև նախաձեռնող խմբի անդամների փաստաթղթերն ու անձնագրերի պատճենները։

Օրենքը նախատեսում է, որ ԿԸՀ-ն 10 օրում պետք է դրական կամ բացասական եզրակացություն տա։ Բացասական եզրակացություն ստանալու դեպքում դիմելու ենք վարչական դատարան, իսկ դրականի դեպքում՝ կսկսենք ստորագրահավաքը»,- նշեց Չալաբյանը։

Օրենսդրական նախաձեռնությամբ Քրեական օրենսգրքում նախատեսվում է հետևյալ լրացումը․ Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ 10-18 տարի ժամկետով։