ՄԱԿ-ը Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման մասին անկախ տեղեկատվություն չունի. Գուտերեշ

ՄԱԿ-ը անկախ տեղեկատվություն չունի այն մասին, թե ինչպես է պայթեցվել  Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ տեղի ունեցածն անվանելով «Ուկրաինա ռուսական ներխուժման եւս մեկ ավերիչ հետեւանք», փոխանցում է Reuters-ը։

«Քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների կարեւորագույն օբյեկտների վրա հարձակումները պետք է դադարեցվեն։ Մենք պետք է գործենք, որպեսզի ապահովենք պատասխանատվությունն ու միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը»,-ասել է նա։

Գուտերեշն ասել է, որ տեղի ունեցածը «մոնումենտալ հումանիտար, տնտեսական եւ բնապահպանական աղետ է»։

«Առնվազն 16 հազար մարդ արդեն կորցրել է իր տները, հազարավոր մարդկանց համար վտանգված են անվտանգ եւ մաքուր խմելու ջրի պաշարները»,-ասել է նա՝  հավելելով, որ ՄԱԿ-ն Ուկրաինայի կառավարության հետ համակարգում է օգնություն ուղարկելու գործողությունները։

Հունիսի 6-ի առավոտյան հայտնի է դարձել, որ Կախովկայի ՀԷԿ-ի վերին մասը ավերվել է անցած գիշեր տեղի ունեցած գնդակոծությունների արդյունքում, ջրամբարի ամբարտակը չի փլուզվել։ Ուկրաինական զորքերի հարվածը ՀԷԿ-ին, ենթադրաբար, հասցվել է «Օլխա» ՀԿՌՀ-ից։ Ընթանում է ջրի չկարգավորված արտահոսք։ Ափամերձ մի շարք բնակավայրերում սկսվել է բնակչության տարհանում։ Նովոկախովսկի քաղաքային օկրուգի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտեւը հարձակման համար պատասխանատու է համարում Կիեւին։

Իր հերթին, Ռուսաստանի քննչական կոմիտեն կատարվածը հետաքննում է որպես ահաբեկչություն: Հետաքննության վարկածով՝ ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է «Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից հանցավոր գործողությունների արդյունքում»։