Խերսոնի մարզում տարհանում է սկսվել Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցումից հետո

Ուկրաինայի Խերսոնի մարզում փլուզվել է Կախովկայի ՀԷԿ-ը, ջուրը տոննաներով լցվել է Դնեպրը։ Այն շրջաններում, որտեղ հեղեղում է սկսվել, տեղի բնակչությանը տարհանում են։ Ամբարտակը վերականգնման ենթակա չէ, հայտարարել են այն վերահսկող ռուսական իշխանությունները։

Վարկածներից մեկի համաձայն՝ ամբարտակը, որը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ, պայթեցրել են, մեկ այլ վարկածով՝ փլուզման պատճառը նախկին վնասվածքներն են։ Պատերազմող կողմերը պատահածի մեջ մեղադրում են միմյանց։

Խերսոնի ռազմական վարչակարգի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը երեքշաբթի առավոտյան հաստատել է Կախովկայի ՀԷԿ-ի պայթյունը և ասել, որ ջուրը կհասնի կրիտիկական մակարդակի 5 ժամ հետո։

Ուկրաինական զորքերի «Հարավ» խմբավորման օպերատիվ հրամանատարությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Կախովկայի ՀԷԿ-ը պայթեցրել են ռուս զինվորականները։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Դարյա Զարիվնան հայտարարել է, որ պայթյունի նպատակն ուկրաինական հակահարձակման տապալումն է։

Կախովկայի շրջանի՝ Ռուսաստանի կողմից նշանակված ռազմաքաղաքացիական վարչակարգի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը տեղեկացրել է, որ ամբարտակի հենասյուները փլուզվել են Ուկրաինայի գիշերային հարվածներից։ Դնեպրի՝ ռուս զինվորականների զբաղեցրած ձախ ափի հեղեղման գոտում է հայտնվել Նովայա Կախովկան։

Նրա խոսքով՝ ամբարտակը վերականգնման ենթակա չէ։ ՏԱՍՍ-ի տվյալներով՝ Կախովկայի ՀԷԿ-ում փլուզվել է 28 թռիչքներից 11-ը։

Ուկրաինայի ՆԳՆ-ում հայտարարել են Դնեպրի աջափնյակից քաղաքացիական բնակչության տարհանման մասին։ Գերատեսչությունում նախազգուշացրել են, որ հեղեղման վտանգի տակ են Նիկոլաևկա, Օլգովկա, Տյագինկա, Պոնյատովկա, Իվանովկա, Տոկարևկա, Պրիդնեպրով գյուղերը Դնեպրի աջ ափին և Խերսոնի մի մասը՝ Կորաբել կղզին։

Կախովկայի ՀԷԿ-ը գտնվում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից մասամբ վերահսկվող Խերսոնի մարզում։ Կախովկայի ջրամբարի ափին է գտնվում Զապորոժիեի ԱԷԿ-ը։ Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցումը կստեղծի վտանգներ ԶԱԷԿ-ի համար՝ ռեակտորների ջրային սառեցման պատճառով, ինչպես նաև կարող է առանց ջրի թողնել Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմը։