Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 7

Նիկոլը պատրաստվում է «խաղաղության պայմանագրի» անվան ներքո ստորագրել ցեղասպանության կամ պատերազմի պայմանագիր

 

Սկիզբը` այստեղ 

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլն ու նիկոլները պետական դավաճանությամբ պայմանավորված պարտվողական պատերազմի արդյունում մեր արտաքին թշնամիներից Ադրբեջանին հանձնեցին Արցախի Հանրապետության շուրջ 75 տոկոսը: Արցախն ամբողջությամբ հանձնելու ծրագիրը, սակայն, դեռ ամբողջությամբ կատարված չէր: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արցախ խաղաղապահ զորք մտցնելով, խափանեց նրանց այդ ծրագիրը և մի կերպ փրկեց Արցախն ամբողջական կորստից:

Արցախի մնացած մասն էլ Ադրբեջանին հանձնելու նպատակով, Նիկոլն արդեն մի քանի անգամ Հայաստանից դուրս և մեր երկրում պաշտոնապես ու հրապարակայնորեն հայտարարել է Արցախն Ադրբեջանի մաս, Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին: Օրինակ, մայիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտարարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կիլոմետրով ճանաչելու մասին, հավելեց . «Ութսունվեց ու վեց հազար քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»:

Ավելին. մեր ներքին թիվ 1 թշնամին դարձյալ պաշտոնապես ու հրապարակայնորեն հայտարարել է մոտ ժամանակներս «խաղաղության պայմանագիր» ստորագրելու և տվյալ փաստաթղթով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կիլոմետրով (այսինքն՝ ներառյալ նաև Արցախը) ճանաչելու մասին:

Ալիևի, Ադրբեջանի կողմից Արցախը խժռելու ճանապարհին խոչընդոտն այս պահին ոչ ԱՀ երբեմնի հզոր, բայց 44- օրյա պատերազմից հետո էապես թուլացած և իր հնարավորություններով թշնամու բանակին մեծապես զիջող Պաշտպանության բանակն է, ոչ էլ Արցախից ձեռք քաշած Հայաստանի (նկատի ունենք ղեկավարությանը և ընդամենը հայի ազգանուն կրող բնակչության մի մասին) զինված ուժերը, որոնց առանցքային դեմքերը՝ պաշտպանության նախարար, Գլխավոր շտաբի պետ և ուրիշներ, ըստ էության, մեր ներքին թիվ 1 թշնամու դրածոներն ու կամակատարներն են: Ալիևի և Ադրբեջանի ախորժակի ճանապարհին միակ խոչընդոտն Արցախում գտնվող ռուսական խաղաղապահ զորախումբն է:

«Խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո, ինչպես արդեն նշել ենք, Ալիևը Լեռնային Ղարաբաղից ադրբեջանցի փախստականներին, տեղահանվածներին այնտեղից հեռացածների համեմատ բազմապատկած քանակով (400 000 և ավելի), այսինբն՝ նրանց հետ նաև ադրբեջանցի խուժանին, այդ բոլորի անվտանգության և հասարակական կարգի ապահովման նպատակով ոստիկանական մեծաթիվ ուժերի ուղեկցությամբ, մտցնելու է Արցախ, իսկ Պաշտպանության բանակի ու բնակչության միանգամայն սպասելի դիմադրությունից հետո զորքն է մտցնելու և ցեղասպանելու Արցախի բնակչությանը:

Իսկ ի՞նչ անել, որ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո Պուտինն Արցախից հանի ռուսական խաղաղապահներին և Ադրբեջանի համար ինչ-որ խոչընդոտ, դժվարություններ չառաջանան:

Եվ ի՞նչ անել, որպեսզի եթե Պուտինն Արցախից, այնուհանդերձ, չհանի խաղաղապահ զորախմբին, և Արցախում, հայերի ջարդերի սկսվելուն պես, պատերազմ առաջանա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, ռուսական ռազմաքաղաքական էլիտայի և հասարակության մի մասն ըմբոստանա, ելնի Պուտինի դեմ և ասի՝ այս ի՞նչ ես անում, բա մեզ պե՞տք է դավաճան հայերի, առնվազն մեր դաշնակիցը չլինելու մասին հայտարարած մեր վայ ռազմավարական դաշնակցի և նույնիսկ նրա կողմից չճանաչված ինչ- որ պետության համար այս պատերազմը, չէ՞ որ, առանց այն էլ, Ուկրաինայում և հենց բուն Ռուսաստանում ծանր պատերազմի մեջ ենք խրված…

Նիկոլը ու նրա ետևում կանգնած մեր արտաքին թշնամիները, նրանց թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, նախապես արդեն մտածել են ինչ անել… Մենք նախկինում բազմիցս արդեն անդրադարձել ենք Ռուսաստանի և անձամբ նրա նախագահի դեմ Նիկոլի և նրա ոհմակի կատարած նենգ քայլերին:

Հիշողությունից զուրկ մանկուրտներին և Նիկոլի զոմբիներին հիշեցնենք, որ ընդամենը 3 ամիս առաջ՝ մարտին, ՌԴ նախագահին կալանավորելու վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումից մեկ շաբաթ հետո Նիկոլի Սահմանադրական դատարանը որոշել է, որ ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները լիովին համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը։

«Ազգային ժողով» կոչվածի կողմից նիկոլական, ՔՊ-ական մեծամասնությամբ մինչ այդ վավերացված հիշյալ կանոնադրությունից բխող պարտավորությունների կատարումը Հայաստանում այլևս ուժի մեջ է մտել։ Դրանից և մեր երկրում ՄՔԴ իրավազորությունը ճանաչելուց բխում է, որ Հայաստանն արդեն պարտավորություն ունի այստեղ ՌԴ նախագահի ոտք դնելու դեպքում կալանավորել նրան ու հանձնել Միջազգային քրեական դատարանին:

Երբ «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանին լրագրողները վերոնշյալի կապակցությամբ հարց են տվել, նա ոչ թե բացառել է Հայաստանում Պուտինի կալանավորումը, այլ տվել մի այնպիսի լղոզված ու խարամանկ պատասխան, որից ավելի շուտ կարելի է հասկանալ, որ եթե Պուտինն երբևէ այցելի Հայաստան, ապա Նիկոլի «իրավապահները» կկալանավորեն նրան ու կհանձնեն ՄՔԴ-ին:

Այն, որ Հռոմի կանոնադրության վավերացման կապակցությամբ պաշտոնական պատճառաբանությունները, մեղմ ասած, կապիկություններ են, իսկ Նիկոլի ՍԴ-ն հիշյալ որոշումը կայացրել է նպատակային՝ հենց Պուտինի և Ռուսաստանի դեմ, պարզ է դառնում նաև նրանից, որ ՍԴ-ն տվյալ որոշումը կայացրել է չնայած նրան, որ 2004թ. օգոստոսին փաստաթուղթը ճանաչել էր Սահմանադրությանը հակասող։

ՄՔԴ-ի և Պուտինին կալանավորելու հետ կապվածը հավանաբար բավարար չհամարելով Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման նպատակին, իսկ չհանելու դեպքում վերոնշյալ մյուս նպատակին հասնելու համար, Նիկոլը մայիսի 4-5-ը Չեխիա կատարած այցի շրջանակում «CNN primanews» հեռուստաընկերությանը (CNN-ի Պրահայի մասնաճյուղին) տված հարցազրույցում ի պատասխան լրագրողի «Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումն ուկրաինական պատերազմի, Ուկրաինայի վրա ռուսական ագրեսիայի վերաբերյալ, որովհետև մի կողմից դուք Ռուսաստանի դաշնակիցն եք, մյուս կողմից մենք ականատեսն ենք լինում Ռուսաստանի Դաշնության կողմից շատ անցանկալի արարքների Ուկրաինայում» հարցի, ասել է.

«Դուք ասացիք, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք: Իհարկե, սրա մասին երբեք բարձրաձայն չի ասվել, բայց, կարծում եմ, դա տեսանելի է՝ Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք»:

Ուշագրավ է, որ Նիկոլի կառավարության YouTube-յան ալիքը վերոնշյալ հարցազրույցի տեսանյութը հրապարակել է հունիսի 1-ին Քիշնևում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի ժամանակ, որի գրեթե բոլոր մասնակիցները Պուտինի և Ռուսաստանի թշնամիներն են:

«Մենք այն (Նիկոլի հայտարարությունը.- Ա.Հ.) ի գիտություն ենք ընդունում։ Սա կարևոր հայտարարություն է»,- հունիսի 2-ին կոնֆերանս զանգի ժամանակ, aif.ru-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը դիվանագիտական լեզվով Կրեմլի ասելիքն արդեն ասել է: Ընդգծում ենք, որ Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրս գալու և դրանից հետո Արցախի բնակչության ցեղասպանության (ներառյալ՝ տեղահանման) ողջ պատասխանատվությունը, Ալիևի և եվրոպական վերոնշյալ ղեկավարների հետ միասին, կրելու է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը: Մեր ազգը գիտի ինչպես վարվել իր ցեղասպանների հետ: Ցավոք, սակայն, միայն ցեղասպանությունից հետո…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան