Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները՝ նախորդ շաբաթ. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները:

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Ադրբեջանի ՊՆ-ը հայտնել է, թե համազորային զորավարժարանում շարունակվում են հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումների մարտական կրակով մարտավարական զորավարժությունները։ Իսկ Նախիջևանի Առանձին համազորային բանակում անցկացվել է զորամիավորումների և ստորաբաժանումների հերթական հրամանատարաշտաբային պատրաստությունը։

Հունիսի 1-ին Զաքիր Հասանովը նախարարության ղեկավար կազմի հետ ժամանել է ուսումնավարժական կենտրոն և լսել ուսումնամեթոդաբանական հավաքի վերաբերյալ ղեկավար կազմի զեկույցները:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե լրացուցիչ 650 մլն դոլարի հատկացումը թույլ կտա ձեռք բերել նոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա: Նա հանձնարարականներ է տվել «հայերի գործունեության անխափան դիտարկումը շարունակելու, ինչպես նաև ցանկացած հնարավոր սադրանքի անհապաղ և վճռական կանխման մշտական պատրաստակամության մասին»:

Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և անվտանգության հարցեր։

Ալիևը շնորհակալություն է հայտնել Իսրայելի նախագահին զենքի մատակարաման համար։ Նա հայտարարել է, թե իսրայելական տեխնիկան թույլ է տալիս արդիականացնել իրենց պաշտպանունակությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 2023 թ․-ին Ադրբեջանի պետբյուջեից պաշտպանական նպատակներով լրացուցիչ 588,2 մլն դոլար կհատկացվի։ Պաշտպանության ոլորտում ծախսերի ավելացումը երկրի իշխանությունները բացատրել են պաշտպանունակության ուժեղացման անհրաժեշտությամբ։ Գումարի մի մասը կուղղվի պաշտպանության ոլորտում «հատուկ նշանակության» նախագծերի ու գործունեության ֆինանսավորմանը։

Ղազախստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը այցելել է Ադրբեջան, որի շրջանակում հյուրերն այցելել են ադրբեջանական բանակի ուսումնամարզական կենտրոն, Ռազմական կառավարման ինստիտուտի ռազմական խաղերի կենտրոն։

Հայադրբեջանական հարաբերություններում ընթացող զարգացումների մասին

Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ենթադրյալ առևանգումը, ըստ «Հետքի» երեք աղբյուրների, տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան առաջնագծի հարավարևելյան ուղղության Շիկահողի հատվածում:

Ադրբեջանի դատարանը հերթական խեղկատակությունն է սարքել՝ որոշում ընդունելով «Ադրբեջանի տարածք դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու փաստի առիթով» քրեական գործով մեղադրվող երկու հայ զինծառայողի կալանման մասին։

Ալիևը համոզվածություն է հայտնել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մոտ ապագայում, «եթե միայն Երևանը դարձյալ չփոխի իր դիրքորոշումը»։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ միջազգային կազմակերպությունները վերջին ժամանակներս փաստորեն լիովին համաձայնվել են Ղարաբաղի հարցում Բաքվի դիրքորոշմանը:

ԱՄՆ պետքարտուղարությունը կարևորել է Երևանի ու Բաքվի միջև բաց երկխոսությունն՝ առաջընթաց գրանցելու համար։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, թե Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին: Դրանք բխում են ողջ Անդրկովկասի շահերից:

Հուլիսի 1-ին Քիշնևում տեղի է ունեցել Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի, Միշելի և Շոլցի հնգակողմ հանդիպումը: Շառլ Միշելիը, խոսելով հանդիպման արդյունքների մասին, նշել է, որ իրենք քննարկեցին իրավունքների և անվտանգության հարցերը, սահմանների սահմանազատումը, խաղաղության պայմանագիրը։

Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել Քիշնևում հնգակողմ հանդիպման արդյունքների շուրջ՝ նշելով, որ կողմերն ընդգծել են ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը: Ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդել է, որ Ելիսեյան պալատի հայտարարությունը Քիշնևում հանդիպման վերաբերյալ «չի արտացոլում» կողմերի դիրքորոշումը, այլ «խեղաթյուրում է» այն։

«CNN Türk» հեռուստաալիքը հայտնել է, թե Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարողության շրջանակներում «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել: Կարճատև զրույցի ընթացքում նրանց կողքին ներկա է եղել նաեւ Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ալիևը Լաչինում հայտարարել է, որ Ադրբեջանը «լիովին վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը» «շնորհիվ» Լաչինի միջանցքի շրջափակման։ «Առաջին 20 ընտանիքն արդեն Լաչինում է, իսկ մինչև հունիսի վերջ էլի շատ ընտանիքներ կգան։ Առաջին փուլում Լաչինում կապրի մոտ 4 հազ․ մարդ, գուցե ավելին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը հայտարարել է, թե Արցախի խորհրդարանը պետք է լուծարվի, Արցախի նախագահը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և այլոք պետք է լքեն իրենց պաշտոնները։ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Միլլերը ողջունել է Արցախի բնակիչների, այսպես կոչված, համաներման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։

Մեծ Բրիտանիայի վարչապետի առևտրային բանագնացը մեկնել է Բաքու և քննարկել Արցախից գրավված տարածքներում նախագծերի իրականացման թեման։ «British Petroleum» ընկերության գործադիր տնօրեն Գորդոն Բիրելը հայտարարել է, թե Ջրականի (Ջաբրայիլի) շրջանում նախատեսում են կառուցել 240 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան։ Նրա խոսքով՝ բրիտանական ընկերությունը սպասում է Ադրբեջանում գազի նոր խոշոր պաշարների հայտնաբերմանը։

Ըստ Ադրբեջանի ֆինանսների նախարարության՝ 2 մլրդ 260 մլն մանաթ է հատկացվել Ղարաբաղում շինարարական և վերականգնողական աշխատանքների արագացմանն ուղղված ծախսերը մեծացնելու համար։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Յան Լիդել-Գրեյնգերը և Լիզ Քրիստոֆերսենըայցելել են Ակնա (Աղդամ) քաղաք։

Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել քաղաքի կենտրոնում` բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը։

«Կովկասի ժառանգության մշտադիտարկման կենտրոնն» արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող «ճանապարհաշինարարական աշխատանքների» պատճառով վնասվել է Լաչինի պատմական գերեզմանոցը։ Կենտրոնն արբանյակային պատկերների միջոցով արձանագրել է այնտեղ տեղադրված 14-րդ դարի եզակի խաչքարի, ինչպես նաև 15-16-րդ դարերով թվագրվող մի շարք խաչքարերի ոչնչացումը:

Տարածաշրջանային ծրագրերի մասին

Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովն ազդարարել է, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» շուտով կբացվի, որից հետո Թուրքիայի և Ադրբեջանի միջև հեռավորությունը կկազմի 38 կիլոմետր։ Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը նույնպես կարևոր է, որպեսզի Հայաստանն իրեն անվտանգ զգա։

Հունգարական «MVM CEEenergy» էներգետիկ ընկերությունը և ադրբեջանական «SOCAR» նավթագազային ընկերությունը համաձայնագիր են ստորագրել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հունգարիան մինչև 2023 թ․-ի վերջ կստանա 100 մլն խմ գազ։

Թուրքական նավթային կորպորացիայի (TPAO) գլխավոր տնօրեն Մելիհ Խան Բիլգինը հայտարարել է, թե կորպորացիան նպատակ ունի զարգացնել նոր նախագծեր և ընդլայնել կապերը Կասպյան տարածաշրջանում: Ադրբեջանում իրենց կատարած ներդրումների չափը գերազանցում է 15 մլրդ դոլարը։

Բայդենը նամակ է հղել Ալիևին՝ նշելով, որ Ադրբեջանը նպաստում է անվտանգ էներգամատակարարման պահանջարկի բավարարմանը և այն ներառում է Միջին միջանցքի, Հարավային գազային միջանցքի զարգացումը, էներգետիկ դիվերսիֆիկացիայի ուժեղացումը:

Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը կկարողանա Եվրոպա փոխադրել առնվազն 4 գիգավատ «կանաչ» էներգիա։ էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը նշել է, թե երկրների թիվը, ուր ադրբեջանական բնական գազ է արտահանվում, կարող է գերազանցել 10-ը։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն նշել է, թե Քիշնևն ակնկալում է Ադրբեջանից մատչելի գներով գազի մատակարարում։

Ադրբեջան ժամանած Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հանդիպել է Ալիևի հետ, որի ընթացքում քննարկվել է «Իրանի սպառնալիքի» հարցը։ Ալիևը պատմական է որակել Իսրայելի նախագահի այցը և ընդգծել, որ Ադրբեջանը շարունակում է համարվել Իսրայելին հում նավթի հուսալի մատակարար։

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներից պահանջել է չգնալ Իրան։ իրանական IRNA-ն, վկայակոչելով իրազեկ աղբյուրը, նշել է, թե Բաքվում գործող Իրանի մշակութային խորհրդատվական գրասենյակը փակվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Գրասենյակի փակման պատճառ է հանդիսացել Իրանի և Ադրբեջանի միջև աճող լարվածությունը: Բաքվում իրանական մշակութային կենտրոնի փակման ֆոնին հայտարարվել է հրեական կենտրոնի բացման մասին։